Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է իմ ստացածս եկեղեցուց, որպես տարեկան ռոճիկ,— երեսուն մանեթ. աստուծո համար ասա՛, կարելի՞ է այդքան գումարով ապրիլ, տուն տեղ և ընտանիք պահել։ Մեզ ասում են, թե արդյունք ունեինք ժողովրդից. ի՛նչ տեղից է մեր արդյունքը: Մկրտութենից, պսակից և մեռյալից, բայց մկրտությունը և պսակը, համարյա թե ոչինչ արդյունքի աղբյուր չեն. քսան կոպեկ, երբեմն երեսուն և երբեմն կես մանեթ։ Ամբողջ մանեթ տասն տարին մի անգամ չէ պատահում։ Մնում է մեռյալը. գերեզման փորելուց ստանում եմ երկու մանեթ, լվանալու համար, եթե արական է, տալիս են մի բան. մնաց որ մեռյալի շապիկը, վերայի գտանված հանդերձեղենը կամ մահիճը, որի մեջ հանգուցյալը փչել էր յուր հոգին, նույնպես պատկանում է մեզ. նոր հանդերձը իբրև կողոպուտ[1] կպատկանի ծխատեր քահանային, այս պատճառով ահա մեռյալից ավելի եկամուտքի արդյունավոր աղբյուր չունինք։

— Ուրեմն, դու ուրախանում ես, եթե մեռանում է մի մարդ։

— Ինչ մեղքս պահեմ, այո՛. իմ աղքատությունը ստիպում է ուրախանալ։ Չքավորությունը, աղքատությունը, ապրելու և ընտանիք պահելու հոգսը, շատ անգամ խտրություն չունին հնարների մեջ, որոնցով կարելի էր արծաթ վաստակել, կյանքի անհրաժեշտ պիտույքը հոգալու համար: Բացի սորանից, այս ևս կա, որ իմ ուրախանալուցս չէ, որ մարդիկ մեռանում են։ Խոլերայի ժամանակ[2] ճշմարի՛տ ավելի պատճառ ունեի տրտմելու, ըստ որում երկյուղ կար սրտիս մեջ, որ մի գուցե ես ևս, կամ իմ ընտանիքիցս մի մարդ մեռանի. բայց դորա փոխանակ, այն ի՛նչ արդյունք էր այն տարում...

— Բայց, մի կատարված գործողության վերա մեծ ուրախություն ցույց տալը, ասել է, թե պատրաստություն կար ձեռնտու լինել, եթե միայն հնար լիներ, որ այդպիսի գործողությունք կատարվեին առավել ստեպ։

— Ճշմարի՛տն ասեմ, ցավելու չեմ, եթե ամենայն օր գերեզման փորեմ այնպիսի մարդերի համար, որպիսու համար փորում եմ այս գերեզմանը։

— Ուրեմն կան մարդիկ, որոնց մեռանելը այնքան ախորժ չէր քեզ, չնայելով, որ պիտի արդյունավորվեիր։

— Ինչպես չէ։ Զորօրինակ երիտասարդ մարդիկ, նոր դեռևս

  1. Ցավելով մտաբերում եմ այստեղ մի քանի քահանայք, որ ժողովրդի հետ կռիվ ու վեճ էին բանում կողոպուտ պահանջելով, թե արժան է որ այս հանգուցելու այս ինչ և այն ինչ հանդերձները ևս տային նոցա։ Զզվելի՜ իրավունք: (Ծ. Հ.):
  2. 1847 թ. Նոր-Նախիջևանում տարածվեց խոլերա: Հիվանդանում է նաև պատանի Նալբանդյանը և մեծ դժվարությամբ առողջանում։