Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին և ոչ եկեղեցու տնտեսությանը, որ հասարակաց ոչինչ չունի կրոնի հետ: Եկեղեցին շինողը և պահողը է ժողովուրդը, սորա վերա է նորա ծանրությունը. եթե եկեղեցին քանդվի, ժողովուրդն է շինում, դարձյալ եկեղեցու արդյունքը ժողովրդիցն է:

— Ոչխարը, բուրդը և կաթը յուր տիրոջը տալով, իրավո՞ւնք ունի պահանջելու, որ տերը հաշիվ տար նորան, թե ո՛րքան արդյունք էր ստացել նորա բուրդից և կաթից, և թե ո՛ւր, կամ ի՛նչ բանի համար ծախք էր արել։

— Ոչխարը անբան անասուն է. բայց ժողովուրդը բաղկանում է բանական մարդերից. մի՛թե ընդունո՞ւմ է ժողովուրդը, որ վարվեին յուր հետ, որպես անբան անասունի հետ։ Ես շատ զարմանում եմ ձեր ժողովրդի վերա։

— Եթե զարմանում ես, ապա ուրեմն ոչինչ հասկացողություն չունիս մեր ազգի մասին։ Ժողովուրդ ասացյալը բաղկանում է զանազան առանձին առանձին մարդերից, այնպես չէ՞։

— Անտարակույս։

— Ուրեմն ժողովուրդը խոսելու համար, հարկավոր է, որ այդ առանձին առանձին մարդիկը միմյանց մոտենան, խորհուրդ կատարեն, և յուրյանց մասնավոր ձայները, դեպի մի ամբողջ հավաքելով, լսեցնեն որպես մի հասարակաց ձայն, այնպես չէ՞։

— Ամենևին այդպես։

— Բայց դու, տեսա՞ր, երբ և իցե քո կյանքում, երկու հայ, մաքուր խղճմտանքով և անկեղծ սրտով միմյանց մոտ եկած մի ազգային գործի համար, որի օգուտը անմիջական հարակցություն չուներ նոցա անձնական շահասիրությանը։ Տեսվա՞ծ բան է հայերի մեջ բարոյական մտավորություն, կա՞ հայերի համար մի սուրբ առարկա, որի անունով ամենայն երկրորդական պղտորությունք հետ դնելով բարեկամական ձեռք պարգևին միմյանց։ Ախ, պարո՛ն, երևում է, որ դեռ անփորձ ես և երիտասարդ, արյունդ տաք, ինչ ասես մտածել է տալիս, առանց կշռելու այն հանգամանքը, որոնց թույլտվութենից կախ էր այդ գեղեցիկ գաղափարների իրագործությունը: Իմ այս մազերը չեն սպիտակացել ջրաղացի դռնում, այլ ժողովրդի մեջ. և ես մտել եմ ժողովրդի ամեն մի կարգի մեջ, սկսած հետին աղքատից մինչև երևելի պարոնը։ Տարու մեջ, ես տեսանում եմ շատ տեսակ հասարակությունք։ Ամեն մի թաղումի, կիրակամտի կամ այլ այսպիսի բաների ժամանակ՝ ըստ մեծի մասին մի տան մեջ հավաքված են լինում երեսուն, քառասուն և երբեմն հիսուն կամ վաթսուն հոգի: Այդ տեղերում լինում են շատ խոսակցությունք, և այդպիսի տեղերում կարելի է ճանաչել ժողովրդի ստույգ