Կոմսի միտքը նմանում էր մի ծովի, որը երկար ժամանակ մրրկից ալեկոծվելով, չէ կարող իսկույն հանդարտել, թեև դադարել էր մրրիկը: Մրրկիր հետո ևս դեռ բավական ժամանակ վազում են կատաղությամբ դեպի ծովեզրը փրփրած ու դեպի վեր ցից-ցից գագաթներով սուր անկյունավոր ալիքները, մինչև որ ծովի մրրկից ստացած ուժը թուլանա և ալիքների սուր և կոնաձև գագաթները ստանալով ավելի կամարաձեվություն՝ մոտենան հորիզոնական մակերևույթին։ Բայց այս բանի համար հարկավոր է երկար միջոց. տիրացուն հանդիպեցավ Կոմսին, երբ նորա միտքը հասել էր խռովության մինչև հնարավոր ծայրը. այս պատճառով Կոմսը չէր կարող խոսել այլ բանի մասին, քան թե նյութ էր եղած նորա ամբոխմունքին։ Տիրացուի լռությունը հառաջանում էր նորանից, որ չգիտեր թե ինչպես խոսք բանա և ինչ բանի համար. մանավանդ լսած լինելով յուր ուղեկցի անունը, հարկավոր էր համարում զգուշություն գործ դնել, որովհետև Կոմսը համարված էր այդ քաղաքում որպես մի վտանգավոր մարդ։
Տիրացուն մտածեց մտածեց և վերջապես ուժ ու սիրտ ստանալով ասաց.— Պարոն, դուք ի՞նչպես եք վերլուծում «Լույս զվարթր»։
Ահա քեզ մի ուսումնական խնդիր, որ արժե tartarus emeticus[1]. ինձ հարկավոր չէ մի խոսք ևս հավելացնել. ինքյանք ընթերցողք կարող են հասկանալ խեղճ Կոմսի դրությունը։ Ի՜նչ պիտո է առնել։ Ընկել էր մի անգամ։
— Երկնաւոր, անմահ սուրբ և կենարար հօր սուրբ փառքի, զուարթ լոյս - Ցիսուս Քրիստոս,— պատասխանեց Կոմսը, ախ քաշելով սրտի խորքից: Ինքը ի՜նչ բաների վերա էր մտածում, ի՜նչ օդեղեն ամրոցներ էր շինում, տիրացուն, որ և քառասունի չափ աշակերտ ուներ, ի՜նչ բան էր հարցանում։
Տիրեց դարձյալ լռություն։
Տիրացուն առաջարկեց մի այլ պատմական խնդիր։
— Պարոն,— ասաց նա,— Առաքել պատմագիրը, Քյոռ-Օղլուն և նորա ավազակ ընկերները անվանում է Ջալալիք, այս մարզիկը հա՞յ էին[2]։
— Մի՞թե չգիտեք, որ մահմետականք էին նոքա,— պատասխանեց Կոմսը։
— Ապա ո՜րտեղից է հայերի մեջ Ջալալյան մականունը. ես այնպես էի կարծում, որ այդ տուները հառաջանում են Ջալալիներից։