Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եկեղեցական երգերի կամ շարականների մասին ի՛նչ է ձեր կարծիքը։

— Նոցա բոլորի արմատական բնավորությունը բյուգանդական է, որ եթե այժմ, մի փոքր դուրս ևս եկել է բյուգանդական ճշտութենից, այդ պատահել է բոլորովին ակամա։ Պատճառ, երգեցողության դպրոց չլինելով, ամեն մարգ յուր կարողացածի կամ յուր հասկացողության պես երգելով, փոքր ի շատն հեռացել են այդ եղանակները հունական գաղափարից, թեև կան նույնպես մի քանի ձայներ, որ մինչև այժմ հարազատ են հունականին, զորօրինակ երկրորդ ձայնը։

— Մի՞թե հայերը չունեի՞ն հառաջուց կրոնական երգեցողությունք։

— Տարակույս չկա, որ մի բան ունեցել են, բայց հեթանոսության ժամանակ։ Ձեզ հայտնի է, որ Հայաստանի կրոնական լուսավորությունը, չորրորդ դարում կատարված սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով, ծագում էր. հունական աղբյուրից։ Լուսավորիչը մեծ եռանդով քրիստոնեությունը վերստին հաստատելով հայերի մեջ, Տրդատ թագավորի հրամանով և զորքով ման էր գալիս Հայաստան, մեհյանները — կռքատունները, կուռքերը քանդելու և կործանելու համար, մեհենական գրքերը այրելու և չքացնելու համար, որ հեթանոսության հիշատակը ես չմնա հայերի մեջ։ Եթե նա չէ խնայել այս պատմական հիշատակարանքը, այն հոյակապ արձանները և մեհենական դպրությունը, որ այժմ մեծ լույս կարող էին ծագել այն խնդրի վերա, թե ի՛նչպես էր նախնի հայկազանց հայկաբանությունը, կարելի՞ է որ թույլ տար հիմնված եկեղեցիների մեջ, քրիստոնեական կրոնի պաշտելության հարակից եղած աղոթքները և երգերը երգել թեև հեթանոսական ժամանակից մնացած, այլ բուն ազգային եղանակներով։ Եվ անհնարին էր թույլ տալ, որ ժողովուրդը լսե վերստին այն ձայները աղոթքի, որ դատապարտված էին, անհնարին էր թույլ տալ մանավանդ այն պատճառով, որ շատ տեղեր Հայաստանում քրիստոնեությունը ներս մտավ թագավորական հրամանի ուժով, շատ տեղ սուր ևս գործ դրվեցավ և մի փոքր հառաջ քրիստոնյա կոտորող ու հալածող հեթանոս հայերը կոտորվեցան ու հալածվեցան քրիստոնյա հայերից։ Մի կողմից հեթանոսականը բաց ձգելով, մյուս կողմից հարկավորաբար քրիստոնեականը — հունականը պիտո էր ներս բերել։ Հացի սորանից, շարականները կամ եկեղեցական երգերը, որ լսում ենք այժմ եկեղեցու մեջ, կես մի գրվեցան թարգմանչաց ժամանակին, թարգմանչաց ձեռքով և կես մի հետո․ մինչև տասներեքերորդ դարը հավելանում է շարականների թիվը։ Մեր թարգմանիչքը ստացան Հունաստանում, և ինչպես նոցա բոլոր գրվածների ու թարգմանութենների մեջ տեսանվում է հունական հոգու ներկայությունը, այսպես ևս եկեղեցական երգերի ճակատագիրը։