Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա այսպիսի տուն ընտրելը արդեն հիմնավորապես ապացուցանում է, թե որքան շատ մտածում էր և հոգս էր առնում յուր ընտանիքի մասին: Մի խուլ տան մեջ նորա ընտանիքը կարող էին ձանձրանալ, բայց մի այդպիսի տան մեջ, որի պատուհանքը նայում էին դեպի զանազան փողոցներ, երբեք չէր կարելի ձանձրույթ զգալ, որովհետև մանկահասակ դստերքը երբեմն այս և երբեմն այն պատուհանից կարող էին մի անմեղ հայացքը ձգել անցավորի վերա։ Ուր թողունք այն մեծախորհուրդ հոգացողությունը պ. Հովնաթանյանցի, որով մի ապակեկազմ սենյակ ևս հավելացուց յուր տան կողքին, որի ծաղկազարդ վայելչությունը կարող էր տրամադրել պատանի օրիորդների սիրտը և հոգին դեպի մի րոմանական կյանք...

Պ. Հովնաթանյանցի մասին այսքան տեղեկության տալուց հետո, շտապում եմ սկսանել իմ պատմությունը այն րոպեից, երբ, ինչպես ասացի, Կոմս էմմանուելը գնում էր յուր օթևանը։

Արդեն բավական ուշ էր, և պ. Հովնաթանյանցը միայնակ նստած յուր առանձնարանում նայում էր ճրագին, որ չգիտե ոչինչ տնտեսություն և անխնա վառվում է տան տիրոջ վնասի համար։

Գունաթափված էր երեսը և քրտինքը դուրս էր զարկել ճաղատ ճակատի վերա կաթ-կաթ, ամենևին նույն կերպով, ինչ կերպով յուղոտ ամանի մեջ կանգնում է սրսկած ջուրը։ Նեղության կամ բարկության ժամանակ ձեռքերը ճնշել և տրորել ժառանգություն է փոքրոդի մարդերի. պարոնը վեր կացավ սոֆայի վերայից, ուր ընկած էր որպես մի շնչավոր և ձեռքերը տրորելով սկսեց ման գալ սենեկի մեջ զանազան ուղղությամբ, անհավասար քայլերով։ - Չէ,- ասաց նա,— պիտի այս բանի առաջը առնուլ. անշուշտ վատ կլինի սորա վերջը և կխայտառակվի իմ տունը այս քաղաքի մեջ մինչ ի սպառ։ Ես շատ անբախտ մարդ եմ,— շարունակեց նա,— անբախտ, որպես եղբայր, անբախտ, որպես ամուսին, անբախտ, որպես հայր։ Եվ այս քանի տարու մեջ ի՛նչ բաներ անցկացան իմ գլխից. և այդ բոլոր անախորժութենների, վատահամբավութենների պատճառքը ո՛վքեր են. եղբայր, եղբոր կին, դստերք, փեսա, որդիք և վերջապես ամուսինս։ Ստո՛ւյգ է, որ ասում են, թե աշխարհի երեսին ամենայն լավություն վճարվում է ապերախտությամբ։ Եղբայրս որ, եթե ես չլինեի, պիտի ծառա լիներ ուրիշին, գլխավոր պատճառն է այս բոլոր բաների։ Նորա կինը, թեև գեղեցիկ հռչակված, սակայն իմ ընտանիքի համար դարձավ մի անախորժության անլուծանելի մակարդ։ Ո՛վ ճանապարհից հանեց իմ դուստրը, եթե ոչ նա. ո՛վ սովորեցուց նորան... ա՛հ, մտածելը