Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ դառն... իսկ որդիքս, որդիքս. ի՛նչ առնեմ, ո՞ւմ ասեմ, իմ երեսի կեղտը պիտի որ ես ինքս ծածկեմ օտարների աչքից...

Մինչդեռ այսպիսի մտածմունքով ման էր գալիս նա տան մեջ, ներս մտավ ծառան և հայտնեց բժշկապետի գալը։ Պ. Հովնաթանյանցը իսկույն ընդունեց մի պատվավոր գրություն և, աշխատելով մի փոքր գործունյա մարդու կերպարանք ցույց տալ բժշկապետին, հոնքերը մոտ քարշեց աչքերին։

Դուռը բացվեցավ, և բժշկապետը երևեցավ շեմքի վերա։

Սովորական ողջունատվութենից հետո, պ. Հովնաթանյանցը հարց արեց.

—Ի՛նչպես գտաք։

— Չէ կարելի գովել,— պատասխանեց բժշկապետը։— Նորա հիվանդությունը խճճվում է վերահաս ախտավոր հայտնութեններով։ Քաջ գիտեք դուք, որ նա եղած չէ իմ բժշկական հոգաբարձության տակ յուր ամուսնութենից հառաջ. ես այն օրից տեսա ձեր դուստրը, երբ նա կարոտեցավ իմ մանկաբարձական օգնությանը։ Նորա, հառաջուց ունեցած հիվանդության մասին այսքան միայն լսած եմ բժշկող պարոններից, թե հառաջանում էր արյունի անկարգ շրջանառութենից սեռական գործարաններում։ Ես ընդունում եմ հարգելի բժիշկների վկայությունը, որպես ստույգ իրողություն։ Մարդկային կազմվածքը բաղկանում է զանազան գործարաններից, որոնք մեծ հարակցություն ունին միմյանց հետ. նոցանից մինը խանգարվելով, խանգարում է մյուսը, որով շատ անգամ վտանգվում է և ամբողջ կազմվածքը։ Դուք գանգատել եք ինձ շատ անգամ, թե ձեր դուստրը երկար ժամանակ ունեցած էր էպիլեպսիա, և թե այժմ, թեպետև չէ երևում, սակայն ստեպ-ստեպ սաստիկ ծանրանում է նորա շնչառությունը։

Ինչ ասեմ. եթե բժիշկ կամ թե բնագետ լինեիք, կարո՛ղ էի հասկացնել ձեզ, թե սեռական գործարաններում արյունի անկարգ շրջանառությունը ի՛նչ կերպով ծանրացնում է շնչառությունը։ Բայց այժմ, որքան ևս բացահայտեմ, այնուամենայնիվ դուք հասկանալու չեք. այս ես կա, որ ձեզ այնքան հարկավոր չէ ցավի պատմությունը, որքան այդ տկարության դարման տանելու հնարը։

— Ամենևին ճշմարտություն է, որ խոսում եք,— ասաց պ. Հովնաթանյանցը,— և ես մեծ հոժարությամբ պատրաստ եմ լսել ձեր մարդասիրական խորհուրդը։

— Լավ ասացիք,— պատասխանեց բժշկապետը,— իմ տալու խորհուրդը չէ միայն բժշկական, այլև բարոյական. տարակույս չկա, որ բարոյականությունը հիմնված է մարդասիրության վերա։