Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Մեղուն գրել է, Ճռաքաղը[1] ևս հաստատեց...

— Ես չգիտեմ, թե ի՛նչ է գրել մինը և ինչ է հաստատել մյուսը. բայց իմ խորհուրդը,— շարունակեց բժշկապետը, ընդհատելով պարոնի խոսքը:

— Պ. Հովնաթանյանցը յուր կարգով ընդհատեց նորա խոսքը:

— Պարո՛ն բժշկապետ, ես բարերար և գործակալ էի Մեղուին. Ճռաքաղը ևս հեռի չէ մնացել իմ շնորհից, խնդրեմ չմոռանալ:

— Այս բաները այնքան աննշան են և մանավանդ անխորհուրդ ձեր դստեր բժշկության մասին, որ չգիտեմ, թե ինչ մտածեմ, թե ի՛նչ պատճառով մեջ եք բերում այդ բաները։

— Ներողություն, ներողություն, ինձ թվեցավ թե ազգասիրության վերա ենք խոսում ձեր հետ։

— Ուրեմն դուք չգիտեք ձեր խոսածը, և ինչպես վարձկան լալկանը ննջեցելու տունի տեսածի պես սկսանում է յուր ողբը, այնպես և դուք մեքենաբար խոսում եք այդպիսի բաների վերա, առանց զգալու...

— Ես շատ պարապած եմ, ուստի շատ անգամ շփոթվում եմ,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը, ծածկելով յուր տհաճությունը: Սակայն խնդրում եմ լսել ձեր խորհուրդը, որի պատճառով այսքան խոսք հառաջացավ։

— Իմ առաջին և վերջին խորհուրդը այս է, որ հետ հրավիրեք դուք ձեր փեսան... Համաձայնեցեք ինքներդ. ձեր դուստրը գտանվում է պատանեկության հասակում. նա սովորած լինելով քնքշության, արվեստական կերպով դարձել է մի ջլային խառնվածքի տեր, կենակցությունը յուր փեսայի հետ այս դարումս միակ հնար է կին մարդերի համար, ազատվելու յուրյանց ծնողների կամ ամուսինների խոսքերից և նկատողութեններից. մանավանդ որ ձեր դուստրը ամենայն օր շրջապատված է հրապույրներով, ամենայն օր բորբոքված է նորա ուղեղը... ես կարճ եմ ասում ձեզ, որ եթե դուք չկատարեք իմ առաջարկությունը, ձեր դստեր բանը շատ և շատ վատթարանալու է։

— Ներկայումս այդ առաջարկությունը կատարել ինձ ամենևին անհնար է,— պատասխանեց պ. Հովնաթանյանցը։

— Բայց ձեր դստեր համար արգանդի կատաղություն (Nymphomania) ստանալը ամենևին հնարավոր է,— պատասխանեց բժշկապետը գերմանական սառնությամբ։

  1. Բանասիրական ամսագիր, որ հրատարակվում էր Մոսկվայում Մսեր Մագիստրոս Մսերյանցի և նրա որդի Զարմայր Մսերյանցի կողմից 1858—1862 թթ. ընքացքում։ Պահպանողական մի օրգան, որ առաջին իսկ օրից ծայրահեղ թշնամական գիրք բռնեց «Հյուսիսափայլի» հանդեպ։