Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք վաճառական չեք և ոչինչ հաշիվ չգիտեք. վաթսուն հազար մանեթ...

— Իսկ ձեր համար բացի մանեթներից, այլ բան չկա՞ աշխարհի երեսին։

— Մի՞թե դուք առանց օգտի կատարում եք ձեր բժշկական պաշտոն։

— Ես ոչ ոքին պարտական չեմ ձրի ծառայել. բայց իմ համար, իմ անձի համար, միշտ չնչին արժեք ունի արծաթը։

— Այդ կորստական սկզբունքը հերիք պատճառ է, որ դուք չհարստանայիք երբեք։

— Դորա փոխանակ, դուք հարստացել եք. բայց արծաթի ժանգը նստել է ձեր ուղեղի վերա։ Երբեք ցանկանալու չէի այդպիսի հարստության։

— Դուք չափից դուրս եք գնում։

— Նորա համար, որ դուք երբեք չեք եղած չափի տակ. և ձեր այդպիսի անբարեխառնությունը ցոլանում է ձեր ընտանիքի և ձեր զավակների վերա։ Պարոն, խնդրեմ, թույլ տվեցեք ինձ, որպես բժշկապետի, մի քանի նկատողությունը առնել ձեր ընտանեկան կյանքի մասին, բարի խորհրդով։

— Իսկ ես, խնդրում եմ, պարոն բժշկապետ, եթե հնար է ազատ թողուլ ինձ ձեր նկատողութեններից. պատճառ, ամենայն խրատ և խորհուրդ որ ուղղակի վերաբերվում էին իմ ընտանեկան կյանքին, որ մի բան ևս հասարակաց չունի ձեր հետ, պատշաճ չեմ համարում լսել։

— Թե ձեր ընտանեկան կյանքը մի բան ունի՞ հասարակաց իմ հետ, կամ ի՛նչպես և ո՛ր չափով ունի, այդ եթե դուք ուրանաք, քաղաքը վկայում է... ես այժմուս կամեի միայն վկայութեններով և աշխարհի երեսին կատարված փորձերով ապացուցանել ձեզ, թե մի ընտանիք, ինչպես ձերն է, երբեք ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։

— Ինչու այդպես խիստ պատժում է նախախնամությունը իմ ընտանիքը։

— Ո՛հ, սխալվում եք, պարոն. այդ, նախախնամության գործը չէ։ Նախախնամությունը միօրինակ պահպանում է և դարմանում է ամբողջ տիեզերքը առանց խտրություն առնելու, թե այս մինը մարդ էր, իսկ այն մյուսը մի խեղճ ճճի։ Նախախնամության գոգում, հավասարապատիվ զավակներ են բոլոր արարածք, որ գոյանում են և պահպանվում են բնության մեջ։

— Ես մի ժամ առաջ ինձ համարում էի անբախտ, բայց այժմ տեսանում եմ, որ դուք առավել անբախտ եք եղած, քան թե ես: