Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթանալով ձեր դստեր և փեսայի հետ, նոցա հոգու անդորրությունը փոխանակեցիք արծաթի հետ։

Պ. Հովնաթանյանցի երեսը ծածկվեցավ կարմրությամբ, տհաճությունը կաթում էր նորա մեռած աչքերից։ Նա վերջին ջանքը գործ դրեց յուր անձը սառնարյուն ցույց տալու, որովհետև ձեռնտու չէր պատերազմ հայտնել բժշկապետին, նախ, որ նա գիտեր պ. Հովնաթանյանցի բոլոր ընտանեկան գաղտնիքը, և երկրորդ, որ պարոնի ընտանիքը միշտ կարոտ էր բժշկապետի այցելությանը...

— Ի՛նչ պիտո է առնել,— ասաց պ. Հովնաթանյանցը, մի փոքր ուղղվելով, երբեմն զանազան հանգամանք ստիպում են մեզ այլապես ընթանալ, քան թե ցանկանում էինք։

— Մարդը կորուսանում է յուր արժանավորությունը, եթե կամք չունի, եթե դադարում է նորա մեջ ձգտողությունը։ Մեր պարտականությունն է պատերազմել հանգամանքների հետ և հողի հետ չհավասարվիլ ամեն մի հանգամանքի առաջև, որպես մի անբան անասուն կամ մի կոտոր կապերտ։

— Ուրեմն ձեր վերջին խոսքն է հրավիրել իմ փեսան, որի երեսը ցանկալի չէր ինձ տեսանել։

— Այո՛, այդ է իմ վերջին խոսքը։

— Համաձայնեցեք, պարոն բժշկապետ, որ դուք ձեր խորհուրդը տվեցիք ինձ շատ խիստ խոսքերով։

— Ճշմարտությունը միշտ աչք է ծակում:

— Ճշմարտությունը մի վերացական բան է, որով ամենայն մարդ արդարացնում է յուր գործերը։

— Այո՛, և գողերը և հափշտակողքը կամին հավատացնել աշխարհին, թե յուրյանց կողմում ունեին ճշմարտությունը, բայց այդպիսի դիպվածում չարաչար էր գործ դրված ճշմարտության անունը:

Վերջին խոսքերը ասելով դուրս գնաց բժշկապետը, յուր արծաթապահի մեջ դնելով մի տասն մանեթանոց թզթարծաթ:

Պ. Հովնաթանյանցը մնաց միայն։ Ժամը մոտ էր տասն և մինին: Նա հնչեցուց զանգակը և երևեցավ սպասավորը։

— Պողո՛ս,– կանչեց պարոնը,– կոչի՛ր շուտով Գրիգորը։

— Գրիգորը գլխավոր գործակատար էր պ. Հովնաթանյանցի, և նորա ձեռքում էին բոլոր գործերի հաշիվքը։

Շտապելով ներս մտավ գործակատարը։

— Ի՛նչ շինեցիք գործարանում,— հարց արեց պ. Հովնաթանյանցը։