Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ո՜հ․․․ արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել,
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են։
ԶՈԴԵՆ
Մայն ի վերա Ֆրանկֆուրտի մոտ։


ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու։

Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։

Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․.
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս։

Ավա՜ղ, այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը,
Ուրախացուցիչ չգտա մի լար։

Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կըմնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։

Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։