Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դնենք թե ես չունիմ այնպիսի գործեր, որ կարողանային երկյուղ կրել Կոմսի հարձակմունքից. բայց ընտանի՞քս ի՛նչ առնեմ... որ կարող է ծառայել Կոմսին առատ շտեմարանի տեղ...

Այս մտածությունքը ընդհատվեցան տիկին Հովնաթանյանցի ներս մտանելով մեր պարոնի առանձնարանը։

Հովնաթանյանցը, բոլորովին ամբոխված, ծածկեց նամակը, որովհետև սովոր էր նա մեծ մարդ ցույց տալ յուրյան, մանավանդ յուր ընտանիքի առաջև։ Այսպիսի խայտառակող մի նամակ կարող էր ցածացնել պ. Հովնաթանյանցի պատիվը նորա ընտանիքի աչքում։

— Առավոտը ես գնում եմ ամառանոց, — ասաց տիկինը, — արդեն ժամանակ է. համարյա թե ամբողջ քաղաքը բնակվում է այժմ ամառանոցում, իսկ մենք փտում ենք այստեղ։ Ամենայն պատրաստություն տեսել եմ. կահ կարասիք բարձված են սայլերի վերա։ Դուք էգուց ձեր գործերի ավարտելուց հետո, 5 ժամուն կգաք ամառանոց ճաշելու, — հավելացուց տիկինը։

— Ինչպես կարելի է, — պատասխանեց պ. Հովնաթանյանցը. նախ որ ես դեռ որոշած չէի գնալու օրը, երկրորդ, գործերս դեռ չեմ ավարտել, երրորդ, դստերս հիվանդությունը...

— Առաջինը,— կտրեց խոսքը տիկին Հովնաթանյանցը շտապ խոսելով, — ընտանեկան բաների մեջ ներգործական է իմ ձայնը և վճիռը. երկրորդ, ձեր գործերը վերջ չունին. երրորդ, մեր դուստրը ամառանոցում ավելի հնար կունենա յուր ցավին դարման տանելու... ես վճռել եմ և վերջացուցել եմ. էգուց գնում եմ, կամի՛ս, եկ, չկամիս՝ ինչպես գիտես։

Տիկին Հովնաթանյանցի ցավը չէր, որ մի երկու օր հետո տեղափոխվեին դեպի ամառանոց, բայց տիկինը այդ օրում ժամադրել էր ամառանոցում մի տեսություն...

Վերջին, վճռական խոսքերը ասելուց հետո, դուրս գնաց տիկինը։

Ցավալի էր նայել պ. Հովնաթանյանցի վերա. նա մեռած էր, քան թե կենդանի։ Երկար ժամանակ սենեկի մեջ, դեպի այս և այն կողմը ման գալուց հետո, մտավ անկողին, որոշելով յուր մտքում, առավոտուն գնալ Կոմսի մոտ և բանը մի կերպ վերջացնել խաղաղությամբ։

Այդ գիշերը անցուց նա մի ջերմախտական վիճակի մեջ, երբեմն մի բարակ դող և երբեմն ջերմություն խաղում էին նորա մարմնի մակերևույթի վերա. վերջապես քուն եղավ... քուն եղավ, բայց նորա աչքին, երազում, երևեցան Կոմս էմմանուելը և Բեգզադեն։