Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ազգի վերա կոծելը և ողբ կատարելը անօգուտ եք համարում ազգին. իբրև ապացույց ձեր խոսքին մեջ եք բերում Խորենացու ողբը հայոց ազգի վերա և ասում եք, թե այդ չորս հազար տարվա ողբը ոչինչ արդյունք հառաջացուցած չէ և այլն. այսքան պիտո է իմանալ, որ ոչ ոք դեռևս ճշմարտախոս հեղինակներից պարսավապետ չէ և այդ պաշտոնը յուր պարծանքով հանդերձ մնացած է հայոց միակողմանի ուսումնականներին, որոնց թիվը բարձրացնում եք մինչև բյուր. դուցե ձեր աչքումը շատ փոքր նշանակություն ունի բյուրը, բայց մենք տասն հազարը համարում ենք մի բյուր։ Նմանապես մեք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ հառաջանում են մեծ մասով հուսահատութենից, մինչ մեք իբրև քրիստոնյա դատապարտվում ենք եթե կորուսանելով մեր հույսը ձգեինք մեր անձը հուսահատության ծովը։ Ասում եք թե Խորենացու ողբից բան չէ հառաջացել. դորա մեղավորը Խորենացին չէ։ Աշխարհիս երեսին ձայն ասացյալը լսողի համար է, ով ականջ ունի լսելու, թող լսե. իսկ հայոց ազգի համար շատ բաներ անցանում են որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Դուք կամիք արդարացնել Խորենացու անձը, ասելով որ հանգամանքը բռնի խլել էին նորա բերանից այդ ողբը. առաջինը, պարոն, Խորենացին անկարոտ է մեր նման փաստաբանների պաշտպանությանը, մանավանդ որ ոչինչ սուտ չկա նորա ասածի մեջ. երկրորդ, ձեր այդ ընթացքով ցույց եք տալիս ձեր թուլությունը հայկական դպրության մեջ: Խորենացին վերադառնալով Ալեքսանդրիայից, չգտավ Հայաստանը այն վիճակի մեջ, ինչ վիճակում բարյա՛վ մնա էր ասել նորան: Արշակունյաց թագավորությունը և հայրապետությունը Լուսավորչի տնից վերջացել էին, երբ նա մեծամեծ հույսերով ոտք էր կոխում Հայաստան, հունական լուսավորությունը տարածելու, և պատահելով ազգի իշխանների անսիրտ ընդունելությանը և հոգևորների կոպիտ, խավարասեր հալածանքին, ամենայն արդարությամբ պիտո է գրեր, մանավանդ Խորենացու պես երկնաքաղաքացի և տոնելի մարդը: Նա բացի այդ ողբից նզովք ևս գրել է հայոց կաթողիկոսների վերա, որ աբեղաների ձեռքով ոչնչացուցած է երևում, ինչպես և մյուս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով. խնդրեմ կարդացեք Ղազար Փարպեցու նամակը, որ գրում է Մամիկոնյանց տիրոջ Վահանին (տպած Մոսկվա, 1853)։ Դուք կտեսանեք այնտեղ, որ հայոց աբեղայքը մինչև ի մահ հալածելուց հետո և մահից զկնի չեն հաշտվում այն պատկառելի ծերունու հետ, սեղանապիղծ ձեռքով մոտենում են նորա խնկելի ոսկրներին և հանելով գերեզմանից թափում են ջրի մեջ: Այստեղ ավելորդ չէ խնդրել ձեզանից, որ հայտնեք նույնպես, թե դուք ո՞ր ժամանակից սկսանում եք ձեր տարեգրությունը, որ Խորենացուն շինել եք չորս