Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազար տարեկան. սովորական տարեգրությանը նայելով, նա դեռևս հազար երեք հարյուրի և հազար չորս հարյուրի մեջ է, որովհետև այդ մեծարգո հիշատակի արժանի մարդը կեցած է 370—489 Քրիստոսից հետո:

Եվ այսպես, պ. Իսահակյանց, մեք ավարտում ենք մեր նկատողությունքը, որ գուցե թե անախորժ թվին ձեզ, և եղբայրական (եթե միայն հաճիք ընդունել) խորհուրդ ենք տալիս ձեզ բան գրելու ժամանակ չպատկանել այս և այն հակառակող բաժիններին, խոսել սառն հոգով, և հավատարիմ մնալով լոգիկական կանոններին։

Բացի այս նամակակցութենից ուրիշ արժանի ուշադրության բան չէ կարող այսօր զարդարել իմ Հիշատակարանը։ Ներողություն, պիտո էր այստեղ գրել այն խոսակցությունը, որ պատահել է մի շինականի և մի վաճառականի մեջ։

Շինականը. — Պարո՛ն, քաղաք մտանելով տեսանում եմ բարձր տների վերա ձողեր, որոնցից վայր է գնում մինչև գետինը մի երկաթի լար, դոքա՝ ինչացո՞ւ են։

Վաճառականը.— Այդ շանթապահ գործիք է, որ հնարել է Բենիամին Ֆրանկլինը։

Շին. — Ի՞նչ ասել է շանթապահ գործիք։

Վաճ.— Կայծակից պահպանող, ուր որ կա այդ բանը, այնտեղ կայծակը չէ կարող վնասագործությունք հառաջացնել, որովհետև այն ձողի ծայրին մագնիսացուցած մետալ լինելով, անգործ է կացուցանում կայծակի զորությունը։ Այդ բանի համար փառավորվեցավ Բենիամին Ֆրանկլինը։

Շին.— Այդպիսի ոչինչ բանի համա՞ր, դա ի՛նչ է, որ մարդ փառավորն։ Մեր գեղումը մի դրացի կին կար. նա շատ անգամ վայր էր քարշում կայծակը։

Վաճ.— Ինչպե՞ս։

Շին.— Իսկույն կասեմ. միայն հառաջուց պիտո է իմանալ, որ այդ կինը վայր էր քարշում կայծակը մի մարդու զարկել տալու համար, եթե դա ուներ մի թշնամի։ Եվ ահա այսպես է դորա արարողությունը, ինչ մարգու կամենար, որ նա կայծակից զարկվեր, ստանում էր նա որևիցե ճանապարհով այդ մարդու հասակի (բարձրության) չափը, այդ չափով մոմ էր շինում և վառում էր եկեղեցում, բայց ոչ սովորական կերպով, այլ գլխիվայր. մոմի վերա մի տեղում գրում էր ասեղով և շատ աննըշմարելի այս բառը «ելդըրըմ»։ Մոմը վառվելով մինչ հասանում էր այս խոսքին, որ կայծակ է նշանակում, իսկույն երկինքը մթնում էր, որոտմունքը թնդում էին, փայլակները ջրի պես սկսանում էին վազել և մի