Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու զավակ, որի բնավորությունը կերպարանգործված չէր դեռևս, և ձգենք այդ մանուկը ավազակների և գողերի ընկերության մեջ, մի քանի տարի վերայովը անցանելուց հետո հանդիպելով նորան, արդյոք տեսանելու չէի՞նք, որ նա ևս դարձել էր մի արյունկզակ գող և ավազակ. կամ սորա հակառակ, եթե մի ավազակի որդի, որի բնավորությունը դեռևս կերպարանագործված չէր, որ դեռևս չուներ գիտակցություն, եթե մի այդպիսի մանուկ առնուինք և տայինք աուսքինի դաստիարակի ձեռք, հետո դնեինք նորան մի բարեկարգ և բարոյական դպրոցի մեջ, այնուհետև շրջապատեին նորան առաքինի մարդիկ, այդ մանուկը չափահաս լինելով կարո՞ղ էր առանց զզվելու նայել յուր հոր կամ եղբայրների դատապարտելի գործի վերա — ամենևին ոչ. պատճառ, նա չէր տեսել յուր շրջապատի մեջ, որ, իբրև մի սովորական բան, գործվեին այդպիսի անօրինությունք. դորա հակառակ, նորա հոգու մեջ տնկել էին առաքինության սերմերը, որ հետզհետե աճում ու զորանում էին, նորան անդադար քարոզել էին, թե ի՞նչ աստիճանի զզվելի և գարշելի բան է մի այդպիսի անօրեն գործողություն, նորան ուսուցել էին ճանաչել յուր անձը, յուր ընկերը, յուր ազգը և մարդկությունը։ Երեխան, որի բնավորությունը կերպարանափոխված չէր դեռևս, մի հայելի է, որի մեջ կցոլանա այն, ինչ որ ցույց կտաս. նա միևնույն է յուրյան շրջապատող արտաքին աշխարհի և ընկերության ձեռքում, ինչպես կավը բրուտի ձեռքում, որին սա կարող էր ամենայն ձև տալ։

Երեխան աճում է, բացվում են նորա հոգեկան ընդունակությունքը, բայց այդ ընդունակությունքը գտանվում են մի անտարբեր վիճակի մեջ. այդ ընդունակությունքը, աճած ու անտարբեր, նման են մի վարած հողի, որ այն կբուսուցանե, ինչ որ սերմանեիր։ Այսպիսի երեխայքը, մանավանդ դոցա միջից նոքա, որ ավելի հոգի ունեին (энергия), երկար չեն մնում անտարբեր վիճակի մեջ. զարթած թե չզարթած նոցա հոգեկան ընդունակությունքը, այնուհետև շատ անգամ, պատահական ուղղությանն են հետևում. եթե գտանվում են առաքինի մարդերի մեջ, ապա սկսանում են ինքյանք ևս օրե օր առաքինանալ, եթե գտանվում են անբարոյական մարդերի մեջ, ամենևին բնականաբար վատթարանալ։ Թեև առաքինության կամ վատթարության կերպարանագործությունը կարոտ է ժամանակի, բայց դոցա նշանքը կերևին իսկույն, իհարկե փոքր դրությամբ, եթե մի բանագետ և հետախույզ մարդ, թեև սակավ միջոց, կենակից լիներ մի այդպիսի մանուկի հետ։

Այսպիսի փորձական քննությունք հավաստում են մեզ, թե մարդու առաքինի կամ վատթար լինելը պատահական բան է և կախված նորա դաստիարակութենից և կրթութենից, նորա ընկերութենից և