Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Վահան դեռ նայեցավ
Եկեղեցուն, որ շինեց.
Նա տեսավ շքեղ տաճար
Ու դեպի նա աղոթեց։

Իմ աչքին ի՞նչ երևեց,—
Մի շինվածք կիսակործան,
Որի գլխին կորացած
Երկաթյա խաչ քրիստոսյան։

Դարավոր փոշվով ծածկած
Տաճարի պարսպի տակ,
Կա մի ծակ, ուր օձի պես
Կարե մտնել մարդ միայնակ։

Առ խարխափ շոշափելով
Գտնում է այն ծակի մեջ
Քարի ծայր... անգիր, անհուշ...
Այդ ի՞նչ քար է այդպես անտեր։

Լսելով պատմում է քեզ
Գյուղական խեղճ քահանան,
Թե այնտեղ ամփոփված է
Մեր քաջ Վահան Մամիկոնյան:

Որ ազդին կյանքը տվեց,
Հայրենիքին կացավ պաշտպան.
Ազգը նրան զլացավ
Կառուցանել մի գերեզման։

Օշակա՜ն,
Վեհ հայերի գերեզման.
Բողոքի՛ր մինչև երկինք,
Ընդդեմ այս տմարդության։

Բարձրաբերձ քո ժայռերից
Արծաթալիք մեր Քասաղը
Թնդալով անցնում է,
Մինչև Վարդգեսի ավանը։