Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գործական լինելով, հետևաբար և նորա բարբառը չունի այն ձևերը, որովհետև չկային այն մտածությունքը, որոնց համար հարկավոր լիներ ձև ու ոճ որոնել։ Մի գիրք վեր առնուլ և մտածությամբ կարդալ և աշխատել օր ըստ օրե մաքրել լեզվախոսությունը, չլսված բան է նախիջևանցու համար, և մի հստակ խոսող մարդ յուր մաքրախոսությամբը կարող էր տգետների համար լինել ծաղրածության առարկա։ Դեռևս չգիտեն մտածել, որ մի ազգ բաժանվում է մյուսից յուր լեզվով, և լեզուն է, որ գլխավորապես պահպանում է ազգությունը։

Նախիջևանի կյանքը ոգևորված է առհասարակ ասիական բնավորությամբ։ Ընկերական կյանք չէ երևում այդտեղ։ Միմիայն ազգականը գնում է յուր ազգականի տուն։ Դեռ ևս այր մարդիկը պատահում են միմյանց փողոցի մեջ, վաճառանոցում կամ ղահվետնում. իսկ կանայք պիտո է տեսանեն միմյանց կամ եկեղեցու մեջ և կամ բաղանիքում։ Օրիորդների վերա խոսք ևս չկա, նոքա տարին մի անգամ ծաղկազարդի օրը գնում են եկեղեցի. իսկ այլ ժամանակ աստուծո տուն գնալը համարվում է կամ մեղք կամ ամոթ և կամ գոնե ընդդեմ բաների կարգին։

Նախիջևանցիք տարին մի անգամ ապրիլի 23֊ին տեսանում են յուրյանց քաղաքի բազմությունը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ. այդ օրը, թաթարի բառով անվանում են խւդրելեզ։ Խդրելեզին, եկեղեցու պարսպի մոտումը շինվում են զանազան խանութներ և ժողովուրդը ամբողջ երեք օր ման է գալիս այդտեղ։ Շատ երիտասարդք ամբողջ ամիսներ սպասում են, որ խդրելեզը գա, որպեսզի կարողանան հարսն որոնել յուրյանց համար։ Այստեղից ջոկ մնում է մի այլ ևս հաղորդակցության տեղ,— այդ Սուրբ Խաչն է։

Սուրբ Խաչի անունով վանքը գտանվում է Նախիջևանից յոթն վերստ դեպի հյուսիս հեռավորությամբ, մի բավական բարձր ապառաժյա սարի վերա։ Վանքը հիմնված է հիշատակի արժանի Հովսեփ Արղությանց իշխանազն արքեպիսկոպոսի ձեռքով։ Նա հաստատած է այդտեղ երբեմն ուսումնարան և տպարան, որ կառավարվել են բավական երկար ժամանակ մի Թադեոս վարդապետի ձեռքով, որ անուն էր ստացել Քիթաբեութան (գիրք կուլ տվող)։ Մոտ իրր վաթսուն տղա Հովսեփ սրբազանը գաղթեցնելով Բեսարաբիայից, Մոլդավիայից և Վալախիայից բերել է Սուրբ Խաչ վանքը և դրել է այնտեղ դպրոցի մեջ։ Թե ո՞րքան ժամանակ հարատևել է այդ դպրոցը, չկա այդ մասին մի գրավոր հիշատակարան. միայն այսքան հայտնի է, որ աշակերտներից ոչ մինը մի բան ուսած չեն այդ տեղ, որոնցից ոմանք քահանայացած են, և Հիշատակարանիս գրողը շատ անգամ խոսած է նոցա հետ։ Այժմ գուցե մի կամ երկու մարդ ծերունիք, մնացած լինին այդ աշակերտներից։ Տպարանը