Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնության օրենքները, սոցա բնական և աստվածագիր պաշտոնակատարությունքը անտարակույս պիտո է հրաշք թվին։

Նախիջևանի բնակիչքը մեծ մասնով վաճառականք են. արհեստասիրությունը շատ փոքր հանդես ունի այդ քաղաքի մեջ, պատճառ, եթե կար ևս մի որևիցե արհեստ, և այն ասիական և անընդունելի մերձակա քաղաքների բնակիչներին, որ օտարազգի են և որ գնողք պիտի լինեին այդ արհեստավորների աշխատութեններին։ Մշակությունը. չքավոր մարդերի համար բավական օգտակար բան դարձավ վերջին ժամանակներում, երբ գետի ափում ամբարներ ու նավահանգիստ շինվեցան, որովհետև մշակների ձեռքով լցվում էին ցորյան, ունդեղենք այն նավերի մեջ, որ մոտենում էին Նախիջևանին։ Այս ևս հարկավոր է առանց հիշատակության չթողուլ, որ օրական մշակությունը երևում է միայն այր մարդերի մեջ. իսկ աղքատ կանայք առավել լավ կհամարեն մուրացկանությամբ ապրել, քան թե ծառայել մի մարդու տան մեջ որպես աղախին, և այս է պատճառը, որ Նախիջևանի մեջ ամենայն տեսակ ծառայությունք կատարվում են ռուս ծառաների և աղախինների ձեռքով։ Ինչպես կարելի է, որ հայ կինը, թեև հաց չուներ ուտելու, գնա և յուր երեսի ջրով ծառայե մի մարդու մոտ, աստված նորան երեք ավուր մահ տա, այդ բանը չտա։

Վաճառականությունը Նախիջևանի մեջ, որպես և ամենայն տեղ հայերի մեջ, չունի եվրոպական բնավորություն։ Ամենայն մարդ յուր համար առանձին, մինչև անգամ միևնույն գերդաստանների անդամք աշխատում են առանձին կերպով վարել յուրյանց առուտուրքը, և առանձնապես վայելել յուրյանց հարստությունը։ Չկան այդտեղ վաճառական ընկերությունք, մանավանդ հացեղեն ապրանքի, որով պարապողքը մեծ մասնով երևելի արծաթագլխի տեր են։ Այդ վաճառականներից ոչ մինը չունի Եվրոպայում յուր համար մի գործակալ, և այդ պատճառով ապրանքի գինը Նախիջևանի մեջ բարձրանում է և ցածրանում է՝ նայելով եվրոպական վաճառական ընկերութեններին և հաշվատներին, որ գտանվում են Նախիջևանից կես ժամ հեռավորությամբ Ռոստով քաղաքի մեջ։ Պիտո է ասել, որ Նախիջևանը, յուր աշխարհագրական գրությամբ, արևմտյան Եվրոպայի և հացաբեր Ռուսիայի մեջ, կենտրոնական տեղերից մինն է. և այդ քաղաքի ամբարներից կշտանում են շատ եվրոպական նավեր։ Եթե այդքան մեծագումար հացեղենքը անմիջապես ուղարկվեին Եվրոպա, եթե մեր սիրելի ազգակիցքը Նախիջևանի մեջ, հաշվատուն կամ գործակալ մարդ պահեին գո՛նե միմիայն Ֆրանսիայի Մարսեյլ քաղաքի մեջ, այն ժամանակ նոցա շահաստացությունը կրկնապատկվելու էր անշուշտ։ Եվ միմիայն հացը չէր, որ գնում էր Եվրոպա,