Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նվիրական այն հին գետին
Հանձն արա՛ ալիքներին
Հասցընել քո գանգատը
էջմիածնյան վեհապետին։



Ժ. Ժ. ՌՈՒՍՍՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Քեզ ո՛չ երբեք, Ժան-Ժակ Ռուսսո,
Պիտի մոռանա աշխարհ.
Անմահ ես դու, ոգի արգո,
Թեև հազար սահի դար։

Քո երկնաշունչ մեծ գործերը
Հավիտյան պիտի ծաղկեն.
Անթառամ է քո պսակը,
Թո՞ղ ազգեր գան, թող կորչեն։

Գիտեմ, վրադ շատ հաչեցին
Տգիտության շուները.
Քեզ շատ անգամ քարկոծեցին
Կեղծավորաց խումբերը։

Բայց դու մենա՜կ, մարդ քաջարի,
Միշտ անդղորդ, անսասան,
Կանգնած նման ապառաժի՝
Ձեռք պարզեցիր մարդկության։

Եվ ցնդեցիր հազարամյա
Շղթաները ծանրացած.
Հզոր ձեռքիցդ՝ այն երկաթյա
Կապանքն ընկան փշրված...

Թեև այսօր պիղծ բերաններ
Ոմանք, դարձյալ քո ընդդեմ
Ոռնան ինչպես քաղցած գայլեր,
Քե՞զ ինչ, չե՞ն «արք սևադեմ»։