Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաջալերությունը. պատճառ, արդեն ամենայն մարդ, որ հազիվ հազ թե իմանում էր դրել, կարդալ, նայում է Մեղուի վերա, որպես մի ողորմելի և թշվառ գործի վերա մատենագրության ասպարիզում։ Երկրորդ, պիտի ասել, որ պ. Իսահակյանցը փախչում է իմ առաջարկած հարցմունքին ուղղակի պատասխանելուց, երևի թե ձեռք չէ տալիս նորան և խառնափընթորելով խնդիրները, կարծում է յուր անձը արդարացուցած։ Այդպես չէ. ես պահանջում եմ իմ հարցմունքի ճիշտ և որոշ պատասխանը, իսկ նորա ասածներին կպատասխանեմ մեծ ուրախությամբ։ Սոքա են իմ խնդիրները, որ հրատարակվեցան Հյուսիսափայլի հինզերորդ ամսատետրակում.

1) Ցույց տալ հայոց ազգի գիտության և հառաջադիմության տունը... ցույց տալ երկու հայ, որ ազգի օգտի և հառաջադիմության մասին, խորհուրդ կատարած լինեին միասին։

2) Հայտնել այն պարոնների անվանքը, որ անարգելով և անպատվելով հայոց ազգը, վրդովել էին պ. Իսահակյանցի հոգու խաղաղությունը, և պատճառ էին տվել նորան այնքան խոսելու, մինչև որ Մուզան Մասյաց դարևանդիցը հարկադրվեր դադարեցնել նորա գոչյունը։

Ես խնդրում եմ նորանից ցույց տալ ինձ ազգի գիտության և հառաջադիմության տունը, պատասխան եմ ստանում, թե «այստեղ ազգի անցյալ և ներկա բարօրության և լուսավորության պատմությունը գրելու տեղը չէ, և թե առանձին պիտի գրե»։ Ի՛նչպես է, սիրելի ընթերցող, պ. Իսահակյանցի պատասխանը, հարցմունքին հարմար չէ՞, կամ, օրինավոր չէ*, ասես, թե դանակով կտրել, ձգել է տնաքանդը։ Իմ պ. Իսահակյանցի սիրելու մի պատճառը, նորա այս սրամտությունն է — զարմանալի սրամտություն։ Պարոն ընթերցող, այսուհետև եթե պատահի որ ասեմ, թե հայերը մի հոյակապ համալսարան ունին. և եթե դուք պահանջեք ինձանից ցույց տալ այդ համալսարանը, իմացած եղեք, որ պիտի կրկնեմ պ. Իսահակյանցի պատասխանը,— թե այստեղ այդ բանի վերա գրելու տեղը չէ. բացի սորանից կբողոքեմ ևս ձեր վերա, որ դուք նորություն կամիք ներս բերել մեր ազդի մեջ, եվրոպացոց պես ամենայն բանի համար ցույց տալ ապացույցներ և փաստեր։ Ւ՛նչ սովորություն է. մի բան էր, ասացի, գնաց, ի՛նչ եք վզիս նստել, անհավատ մարգերի պես ապացույց պահանջելով, տեսված բա՞ն է հայերի մեջ օրինավոր, կապակից, հիմնավոր ապացույցներով և փաստերով խոսել, այսօր բանը կասեմ, և դուք պարտական եք հավատալ և ընդունել, ապացույցը հետո մեջ կբերեմ, ուրիշները միլիոններ հավատում են միմյանց, դուք ինձ մի շոր ապացույց չե՞ք հավատում... Մեղուն ձեզ երաշխավոր...