Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերա, լսելով պ. Իսահակյանցի խոսքերը, «թյուր կարծյաց և վրիպակաց ճյուղերը իմաստությամբ հապավել», իսկույն երևում է, որ այդ պարոնը բնակվում է այգիների մոտ և անդադար տեսանում է ճյուղերի կտրատվիլը: Բայց մի խորհուրդ ասեմ պ. Իսահակյանցին, ես և իմ նման մարդիկ շատ հավատացած լինելով, որ չէ վերջանում չարը կտրատելով միայն նորա ճյուղերը, աշխատում ենք արմատը կտրել այդ չարին, որ իսպառ չորանա: Բայց որովհետև պ. Իսահակյանցը յուր իդեաները առնում էր այգիներից, ուստի չէր կարող այնտեղ այսպիսի գործողություն տեսանել:


Շատ մեծահոգի մարդ է պ. Իսահակյանցը, մեծ շնորհ է ցույց տալիս ինձ «առանց դիտողության թողնելով իմ անվերջանալի վեճը աբեղաների հետ»: Մինը հարցանե թե ե՞րբ վեճ է բացել Շահբեգը աբեղաների հետ, չգիտեմ ինչ ունի պատասխանելու Ղզլարի մանկավարժը։ Ես հերքելով նորա այն երեխայամիտ խոսքը, թե «հանգամանքը բռնի խլել են Խորենացու բերանից նորա ողբը», կցորդել էի, թե ամենայն արդարությամբ արժան էր, որ Խորենացին գրեր, որովհետև վերադառնալով Ալեքսանդրիայից տեսել էր Հայաստանի ամենայն բանը գլխիվայր, և, ապացուցանելու համար, թե Խորենացու այդ ողբ գրելը պտուղ չէր մի րոպեական նեղսրտության, մեջ էի բերել նորա նզովքը կաթողիկոսների վերա և Շարք կաթողիկոսաց անունով աշխատությունը, որ ոչնչացուցած է երևում աբեղաների ձեռքով։ Բայց թե լավը կամի պ. Իսահակյանցը, Ղազար Փարպեցու Մամիկոնյանց տիրոջ Վահանին գրած նամակի երկու թերթերը ևս, վասն ի վերուստ են եղած դույն այդ աբեղաների ձեռքով, որովհետև նոցա մասին, բայց ոչ նոցա օգտի համար խոսում էր այնտեղ Ղազարը, ինչպես երևում է նախընթաց և հետևյալ բաներից։ Ես պատմել էի պ. Իսահակյանցին աբեղաների անքրիստոնյա ընթացքը Մովսես Խորենացու խնկելի ոսկրների հետ, իսկ այժմ շոշափելի կերպով ցույց տալու համար, թե այդպիսի բան շատ մոտ էր աբեղաների հասկացողությանը, թող պատմեմ այստեղ, որ երկու տարի սորանից հառաջ ասիական Տաճկաստանի մեջ, մի հայոց եպիսկոպոս գերեզմանից փորել ու հանել է մի հայ քրիստոնեի ննջեցյալ մարմին և ձգել է շուների առաջև, պատճառելով թե այն մարդը ավետարանական էր եղած։ Այս գործողությունը այնպիսի վատ տպավորություն գործել էր մինչև անգամ տաճիկների վերա, որ փաշան պայծառափայլ Դուռնից հրաման խնդրելով առանձին գերեզմանատուն նշանակեց ավետարանական հայերի համար, որ չէ ենթարկվում հայոց առաջնորդի իշխանությանը։ Այս բանի մասին շատ խոսք և զրույց հառաջացավ այն ժամանակ եվրոպական և ռուս օրագիրների և լրագիրների մեջ. թողում եմ այն մեծ գայթակղությունը