Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այնքան սաստկանում է, որքան շատանում են և սաստկանում են կարիքը և հարկավորությունքը։ Այս ասածներիցս երևում է ահա, որ նոր տարում ևս, ինչպես մյուս այլ հանդիսավոր օրերում, իրավունք ունի ուրախանալու այն մարդը, որ ուներ ստուգապես ուրախացուցիչ գործեր։ Ուրեմն, սիրելի ընթերցող, մեք քո հետ ասենք միմյանց եղբայրաբար, թե ի՛նչպես էին մեր գործերը անցյալ տարում․ արդյոք ա՞յնպես, որ հանգիստ խղճմտանքով և պայծառ ճակատով կարող էինք ձեռքերս սրտերիս վերա դրած վկայել, թե ինչ որ մեր խելքը կտրում էր, թե բարի է, կատարել ենք ինչքան մեր կարողությունը կտաներ, մի բարի գործի մասնակից լինելու, եղել ենք, թե սորա հակառակ, մեր սրտի և հոգու դատավորը, այս հանդիսավոր րոպեումս, մի քանի դատապարտող խոսքեր ուներ մեզ ասելու։ Արդյոք անցյալ տարում ճանաչե՞լ ենք մեզ, թե մարդ ենք, ուրեմն և արժան էր ապրել և մարդկության համար, հրաժարվելով եսական անձնասիրութենից։

Առանց այս բաները քննելու, նոր տարին նույնպիսի օր է, ինչպես մեծ պահքի երկուշաբթին. օրի կանաչը և կարմիրը ո՛չ ոք չէ տեսել մինչև այժմ։ Եթե իմ մասին հարցանեք, ես կասեմ ձեզ, որ իմ կյանքը, սկսած այն օրից, երբ հիշում եմ ինձ, մինչև ներկա րոպես, գտանվում է միօրինակ տխրության մեջ։ Ինձ ո՛չ մի բան չէ կարող ուրախություն պատճառել բացի նորանից, որ եղած էր կամ լինում էր մեր տարաբախտ ազգի օգտի համար. իմ անձնականը և ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ աչքս բանալով, բարոյապես նայել եմ մարդկության վերա։ Այս պատճառով, որպես իմ մասնավոր, ինձ միայն վերարերելի վիշտը չէ կարող ավերել այն ուրախությունը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ գործի վերա, նույնպես և անձնական ուրախությունը չէ կարող փարատել այն ազգային տխրության խավարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստելով ծանրանում են սրտիս վերա։

Ո՛հ, ահա երեսուն նոր տարիք անցուցել եմ ես. նոցանից մինչև քսանը նույնպես ուրախացուցել են ինձ, ինչպես այժմ շատ մարգերի, բայց այս վերջին տասն նոր տարիքը, ի՛նչ բաների վկա են եղել իմ հետ միասին, ի՛նչ ողբալի և արտասվելի գործերի ականատես, որ գործվել էին մեր խնայելի ազգի մեջ։ Ո՛րքան մարդիկ, մեզ ծանոթ ու անծանոթ ավարտել են յուրյանց երկրավոր կյանքը, քանի՛ բարեկամք սուգ և արտասուք կտակել են մեզ։ Քանի՛ քանի անգամ, ցավելու համար պատահել է մեզ տեսանել այնպիսի մարդիկ, որ անարգանք էին մարդկության, որ ցանկանում էին հասանել հերոստրատյան պարծանքի և հիշատակի, որ մտածում էին խայտառակության սանդուղների վերայով բարձրանալ մինչև անմահ փառքի սահմանքը։ Տխո՛ւր տեսարաններ․ այստեղ կեղծավոր