Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարց ու փորձի ենթարկվելով, որպես կասկածավոր ցիգան կին, կապվում է շղթաներով. կոմսը շատ ուրախանում է իմանալով, որ Ազուչենան յուր հակառակորդի մայրն է։ Երբ Ազուչենային շղթաներով կապած տանում են Մանրիկոյի տան առաջևից դեպի բանտ, որդին տեսանում է նորան և վազում է փրկել. բայց և ինքը ընկնում է թշնամու ձեռքը և բանտ է դրվում մոր հետ միասին։ Կոմսը վճռում է որդին գլխատել, իսկ մայրը այրել կրակի մեջ։

Լեոնորան իմանալով այս մոտակա մահու վտանգը, գնում է բանտի մոտ և ողբում է յուր սիրականի տարաբախտությունը։ Մանրիկոն բանտի աշտարակից հայտնում է նորան, թե ոչինչ մյուս փափագ չուներ, բայց միայն յուր սիրականին մի հրաժարական ողջույն տալ։ Հանկարծ բանտի մոտ գալիս է կոմսը. Լեոնորան խնդրում է ողորմություն, կոմսը հրաժարվում է փրկել որպես Մանրիկոն, նույնպես և նորա մայրը։ Բայց երբ որ շատ աղաչում է Լեոնորան, կոմսը ասում է, թե միայն սիրա գնով կարող էր Լեոնորան ստանալ նոցա փրկությունը։ Լեոնորան երկբայում է... բայց մտածելով, թե յուր պատճառով պիտի մեռանին անբախտ բանտարկվածքը, հոժարում է։

Իսկույն գնում է նա բանտ և հայտնում Մանրիկոյի նոցա ազատությունը. Մանրիկոն իմանալով ազատության պայմանը, մերժում է որպես այդ առաջարկությունը, նույնպես և Լեոնորան, լավ համարելով մեռանել, քան թե տեսանել յուր սիրականը երիտասարդ կոմսի գրկում։ Լեոնորան աղաչում է չատել յուրյան։ Այս բոլորը լսում է կոմսը բանտի մյուս սենեկից, և, ներս մտնելով այն սենյակը, ուր էին մայր ու որդի բանտարկվածքը, հրամայում է դահճին գլխատել Մանրիկոն։

Ազուչենան, ջլախտական ամբոխմունքից հետո թուլացած լինելով, քնած է այդ միջոցին. Մանրիկոն տանում են գլխատելոլ... Զարթնում է Ազուչենան և չտեսանելով յուր որդին, աղաղակում է... Նորան ասում են, թե տարան Մանրիկոն գլխատելու. նա կանչում է կոմսին, դադարեցնել պատիժը, բայց կոմսը հայտնում է, թե ամենայն բան վերջացրած էր արդեն։

Այնուհետև ձայն է տալիս Ազուչենան, «իմացիր, կոմս, որ դա քո եղբայրն էր... Իմ մոր վրեժը դուրս է եկած արդեն..,»։

Մինչդեռ ես պատմում էի այս բաները,Գուլի-Շամաման աչքերը տնկած նայում էր երեսիս, ժամանակ առ ժամանակ բացագանչելով։ Երբ ավարտեցի ես իմ պատմությունը, ասաց.— Զարմանք բան, ինչպես կարողացել է Ազուչենան օտարի զավակը, մայրական գթով և խնամքով սնուցանել յուր որդու պես. բայց ինչ... Պատահում են այդպիսի բաներ...

– Ի՛նչպես թե պատահում են. դա շատ հազվագյուտ կանացի սիրտ