Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է, որ կարողացել է այդպիսի քնքշությամբ խնամարկել յուր թշնամու որդին,— ասում եմ ես։

— Իսկ ես ասում եմ, որ կան այդպիսի օրինակներ, և չէ պիտո հեռի տեղերում որոնել. մեր մեջ ևս կա մի դորա նման բան։

— Ինչպե՞ս։

— Դու գիտես պ. Բեգզադեի ազգաբանությունը։

— Որտեղից պիտի իմանամ։

— Լսիր ուրեմն. Բեգզադեի մոր հղության ժամանակ, նորա հայրը ութ ամսական հղի թողնում է յուր կինը և գնում է օտար աշխարհ, խիստ պատվերներ տալով յուր կնոջը զգուշանալ յուր առողջությանը, որ անվարձ ծնանի մանուկը։ Որովհետև աշխարհի երես ին ամենայն բան լինում է մեր ցանկության հակառակ, և ինչ բան ավելի պահպանես, այն բանը ավելի վտանգների տակ է ընկնում, այս օրենքի հիման վերա ևս տիկին Բեգզադեն մի որդի ծնանելով, երկու օրից հետո խեղդում է նորան, անզգուշությամբ քնելով նորա վերա մահճի մեջ։ Ողբ, լաց, աղաղակ, բայց այդ բոլորը չէին կարող հարություն տալ մեռած մանուկին։ Մարդ ուղարկելով մանկաբարձի քամակից, հրավիրում է յուր մոտ և հայտնելով հասած թշվառությունը, աղաչում է նորան մի հնար գտանել, որով կարողանա ազատվիլ յուր տղամարդի հանդիմանութեններից։ Մանկաբարձը խոստանում է գտանել այս բանի ճարը, և փաթաթելով մի կտավի մեջ մեռած մանուկը դեպուղիղ գնում է մի աղքատ թուրք կնոջ տուն, որ նույն օրին ազատվել էր ծննդական ցավից, երբ ծնել էր և տիկին Բեգզադեն։ Մանկաբարձը տալիս է նորան մեռած մանուկը և բավական շատ արծաթ, և առնելով նորա կենդանի զավակը տանում է տալիս է տիկին Բեգզադեին, մեծ վարձ ստանալով այս հնարագիտության համար։ Ոչ ոք չէ իմանում այս գաղտնիքը և տիկին Բեգզադեն դարմանում է թուրքի զավակը, որպես յուր որդին, անուն տալով նորան Բեգզադե։

Լսելով այս պատմությունը, ասում եմ Գուլի-Շամամային. «Ի՛նչ լավ պատահեց քո իմ մոտ գալը։ Բեգզադեի ինձ նամակ գրելը, իսկ իմ նորա ազգաբանությունը իմանալը...»։

Ինչևիցե, ուրիշ շատ խոսակցութեններից հետո, որ առ այժմս անպատշաճ եմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ, գնաց Գուլի –Շամաման։

Այժմ արձանագրեմ մի քանի նամակներ, որ ստացել եմ զանազան տեղերից և զանազան պարոններից։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱնՈՒԵԼ.