Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրտի մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Մոսկվայի նորութեններից ամենապատվականը։ Համալսարանի հայ ուսանողքը, առաջին անգամ Մոսկվայի մեջ առտնին թեատրոնական բեմի վերա կատարեցին մի եղերերգական և մի կատակերգական խաղարկությունք։ Այս բանը պատահեցավ հունվարի 27-ին Հայկազն Միքայել Հարությունյան Ստեփանյանց մեծարգո պարոնի տանը։ Մոսկվայի և եկավոր հայերից մոտ իբր երկու հարյուր մարդ, այր և կին, ներկա էին այդ հանդեսին, որոնցից ոմանք եկած էին մեքենաբար, լոկ հետաքրքրության համար, ոմանք հառաջուց նախապաշարված... Եվ ոմանք մի ֆանատիկոսական անխորհուրդ ազգասիրությամբ, դեռևս մտածելով թե մեծ շնորհ էր, մեծ բարերարություն էր ազգի համար, որ այդ պարոնը կամեցել էր ներկա գտնվիլ այդ հանդիսին... Այնտեղ էր և ձեր բարեկամ պ. Բեգզադեն, որ քիթը բերանը թթվեցուցած, նստել էր ուրիշ շատերի կարգում։ Շինած էր դահլիճի ճակատում մի փոքրիկ, բայց նայելով հանգամանքներին, հնարներին և այլն և այլն, բավական հարմարավոր բեմ։ Ութն կամ տասն հոգի երաժիշտքը, թեատրոնական գործողութենից հառաջ, հնչեցուցին մեր ականջին «Պորտիչիու համր կամ Ֆենելլա» ողբերգության գեղեցիկ ներածությունը, որ Օբեռ երևելի երաժշտի գործն է. և ճշմարիտն ասեմ, երանի թե այդ ներածութենից հետո դուրս գնացած լինեի դահլիճից, որովհետև վերջին բաները, ոչ եթե շարունակեցին այն ազնիվ տպավորությունների կարգը իմ հոգու վերա, այլ բոլորովին տակ ու վերև բերեցին իմ հոգին...

Պատմաբանական, չորս հատվածով եղերերգությունը Արիստակես[1] անվանված, ձևացնում էր ներսես Մեծը (Պարթևը), որ գնացած Կոստանդնուպոլիս հունաց թեոդոս կայսրի մոտ խնդրում է ողորմիլ Հայաստանին և թագավոր դնել Արշակի որդի Պապը։ Թեոդոսը թագ է կապում Պապին և յուր զորքով հանդերձ ուղարկում է Հայաստան․ պատերազմ է լինում պարսիկների հետ. հաղթվում են սոքա և Պապը և Հայաստանը հանգստանալով, հետ են դառնում հունաց զորքը։ Պապը նմանելով յուր հորը, սկսում է անպիտանությունք գործել. Սուրբ Ներսեսը հանդիմանում է նորան։ Պապը բարկացած, բայց սուտ բարեկամ կեղծավորվելով, ճաշի հրավիրում է յուր մոտ Սուրբը և դեղում է նորան։ Այս էր եղերերգության բովանդակությունը։ Առհասարակ շատ թույլ բան և զուրկ ամենայն բանաստեղծական ճարտարութենից. ասես թե դորա հեղինակը հարկադրանքով գրել է այդ գործը։ Նա ամենայն տեղ, ամենայն րոպե զանազան ազգասիրական խոսքերով աշխատում է վարագուրել

  1. Սարգիս Վանանդեցու «Արիստակես» ողբերգությունը։