Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրամատիկական գործողության պակասությունը և չքավորությունը։ Այս ևս պիտի ասել, որ եղերերգական խաղարկությունը կատարվեցավ ոչ այնպես, ինչպես գրած էր հեղինակը, այլ թեատրոնական հայտարարության մեջ ասվում է, թե մշակվել է այդ բանը պ. Փուղինյանցի ձեռքով. այս պատճառով չենք կարող որոշակի դատել, թե ում պատկանում են այդ անկատարությունքը, հեղինակի՞ն, թե մշակողին։ Թեատրոնական բանախոսության լեզուն չէր այնքան ազնիվ և մշակված, ինչպես պիտո է և արժան է լիներ, որ ունենար դաստիարակիչ ազդեցություն ժողովրդի վերա։

Ո'չ մի կին չերևեցավ բեմի վերա. այս ասելով չեմ մեղադրում եղերերգության հեղինակը կամ մշակողը, այլ կամիմ մատով ցույց տալ ազգի կյանքի վերա, մանավանդ թե ասիական աշխարհի մեջ, ուր կին մարդը զուրկ լինելով ամենայն իրավունքից ընկերական կենցաղավարության մեջ, իհարկե կարող չէր և թեատրոնի մեջ հանդես գալ իբրև գործ ու պաշտոն կատարող անձն։ Անարդարություն կլիներ պահանջել այստեղ հայերից այն բանը, որի համար Ասիայի մեջ բուսանելու հողը ևս չէ եղած, այսինքն մարդկային ազատ գործականության հանդեսը։ Երկար ու ձիգ քննության արժանի խնդիր է այս, բայց թողնելով այլ ժամանակի, հառաջ տանեմ խոսակցությանս թելը։

Եթե քաջ վարժ լինեին ներգործող պարոնները, գուցե յուրյանց խաղարկությամբ մի փոքր կենդանացնեին այդ եղերերգությունը․ բայց ինչ օգուտ, նոքա ունին յուրյանց պատճառները, — առաջին անգամն է, անփորձ են... Բայց համեմատաբար և ներող աչքով նայելով, մանավանդ ուշադրություն դարձուցանելով հավաքված բազմության մեծ մասի հասկացողության չափի ու աստիճանի վերա, կարելի է ասել, որ վատ չէր։

Եղերերգության մեջ, հայոց զորքը, պարսից պատերազմից հետ դառնալով, երգեց գիտնական Թեոդորոս Եսայան Խատամյանցի «Խնդա՛ այսօր Հայաստան» երգը, որ մի ժամանակ երգված էր Նոր–Նախիջևանում, մինչդեռ քաղաքական վարժատան մեջ պ. Խատամյանցը և պ. Տիգրանյանցը քանի անգամ պատճառ տվեցին հայերին, մի բան տեսանելու կամ լսելու թեատրոնական բեմից մայրենի լեզվով. բայց Մոսկվայում այդ երգը չերգվեցավ այնպես, ինչպես նորա եղանակն էր, այլ պ. Վերտովսկու «Ах, подруженки, как грустно!» երգի եղանակով։ Մի բան ևս չէ պիտո թողուլ առանց ուշադրության․ պ. Չիքվայիծե վրացի ուսանողը մասնակից լինելով թեատրոնական գործողությանը հայերեն երգելու ժամանակ, յուր վերա դարձուց մեր մասնավոր ուշադրությունը։

Կատակերգությունը «Վա՛յ իմ կորած հիսուն ոսկի» անունով, մի