Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատվելի ընթերցողք, մի հորեղբայր ունիմ, որ միշտ քննում է իմ բոլոր առանձնական գրվածքս անգամ։

Իմ անունով ուղարկված, բայց անմիջապես Հյուսիսափայլի մեջ տպվելու գրվածները ես ուղարկում եմ պ. Հրատարակողին, ինչպես պ. Գամառ-Քաթիպայի և մի քանի նոր ոտանավորքը, որ վերոհիշյալ նամակով ուղարկել էր ինձ. ավելի ոչինչ չեմ կարող առնել, իմ ձեռքում ոչինչ չկա։ Իսկ ինչ որ վերաբերվում է Հիշատակարանիս, այո՛, այդ այլ բան է, այդտեղ ես իմ Հիշատակարանի անմիջական տերն եմ. միայն խնդրում եմ ամեն մի մարդուց, որ խնայեն իմ Հիշատակարանը և բան ուղարկելու ժամանակ, աշխատեն այնպիսի բան ուղարկել, որ և յուրյանց, և ինձ և պատվելի ընթերցողներին ժամանակի զուր կորուստ չլինի։

Թ


Հյուսիս — Շահրեգի գերությունը — Շամիլի խոսակցությունքը — Շահրեգի երազը — Արևմուտք օրագիրը։

Հյուսիս... Մի ցուրտ և անհամբույր աշխարհ. այդտեղ բնությունը զրկված է այն բոլոր վայելչութենից, որով փայլում են բարեխառն գոտիների տակ գտանված աշխարհները։ Բոլոր արարածք, որոնց վիճակվել էր երևել աշխարհի երեսին, այդ ցուրտ աշխարհի պայմանների տակ գոյանալով, կրում են յուրյանց ճակատի վերա աշխարհի որպիսության կնիքը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը յուր խիստ շունչը փչում է մինչև շատ հեռի տեղեր և ամենայն արարած ենթարկվելով նորա ազդեցությանը, բնական օրենքներով ինքը յուր մեջ կենտրոնացած, ցուցակ է լինում մի ողորմելի վիճակի։ Ի՛նչ ասել է կենտրոնանալ յուր մեջ։ Կտրել ամենայն հաղորդակցություն այն առարկաների հետ, որ շրջապատում էին մի արարած։ Ինչ՛ւ համար կտրել։ Եթե չկտրվի այդ հարակցությունը, այնուհետև այդ արարածը պիտի խաղալիք լինի շրջապատող բնության ձեռքում. իսկ եթե մի արարած կենդանանա յուր մեջ, ասել է թե, մատնում է յուր անձը մի հավիտենական բանտարգելության։

Լա՛վ է բանտում կենդանի մնալ, քան թե բանտից դուրս մեռանել։

Սխալ է, լա՛վ է ազատության մեջ մեռանել, քան թե բանտում ապրել

Ինչո՛ւ համար։

Նորա համար, որ եթե զրկված էր մարդս ընկերութենից, եթե կտրվում է այն շղթայակապը, որ նախախնամությունը կազմել էր մարդու