Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

–Խե՛ղճ մարդ,— ասաց Շամիլը կարեկցությամբ գլուխը շարժելով,– վկա է մարգարեի մորուքը, որ մոլորված ես դու։ Այն, որ լերդապատառ որոնում եք և պաշտպանում եք դուք ազատության անունով, ձեր դատակնիքն է. պատճառ, ով չունի յուր ձեռքում մի իշխանության գավազան, նա չունի և ազատություն, և ազատությունը չափակից է գավազանին, որքան մեծ և անխորտակելի է գավազանը, նույնքան մեծ է և իշխանությունը։ Դու լինելով խեղճ և անզոր մարդ, միմիայն ազատություն որոնելով արդեն, մեղանչում ես ընդդեմ այն հզորին, որի իշխանության տակ կայիր դու, և մեղանչելով այդպես գտանվում ես մահու պարտական։

– Ամենայն օրինավոր իշխանություն, որ աստուծուց է կարգված, ընդունում է և թույլ է տալիս օրինապատշաճ ազատություն. ձեր տեսությունը սխալ է։

– Դու այժմ ամենայն բան տեսանում ես որպես հայելու մեջ, իսկ թե ընդունիս մեր կրոնը, այն ժամանակ դեմ հանդիման տեսանելով ամենայն բան, կճանաչես իմ քարոզության ճշմարտությունը։

– Ես արդեն ասացի ձեզ, որ ախորժակ չունեմ կրոնափոխ լինել։

— Կրոնափոխությունը մի պարարտ խորոված չէ, որ կուշտ փորով դժվար լիներ ուտել. դա ոչինչ բան չունի ախորժակի հետ, կամեցար և կատարեցիր. մի րոպեի գործ է։

– Մեք այնպես դաստիարակված չենք, որ կարողանայինք մի րոպեում փոխել մեր սրտի և հոգու վկայությունը. մեր համար շատ վատ է մահից, ճանաչելով և հասկանալով խավարը լույս ասել, իսկ լույսը խավար։

– Նշանակում է, շատ անօգուտ դաստիարակություն է ձեր ստացածը, որ չէ թույլ տալիս ձեզ օգտի և վնասի բանի մեջ ազատորեն փոխել ձեր սրտի և հոգու վկայությունը։ Եվ դորանից հետո ասում եք, թե ազատություն եք ճանաչում, մինչդեռ չեք կարող ազատություն գործ դնել ձեր հասկացողության և վկայության վերա։

– Հասկացողությունը և սրտի վկայությունը խաղալիք բաներ չեն, և մեր ազատությունը լավ ճանաչելուցն է, որ չենք ծառայացնում մեր հոգին այս և այն հարկադրող հանգամանքների, որ պաշտելով մեր անձին իրավացի ազատությունը չենք փոխում մեր ուղիղ կարծիքը։

– Ուղիղ է թվում, որքան ժամանակ ունիս նորան, իսկ թե փոխես, իսկույն կտեսանես նորա թերությունը։ Մի կարճ բան իմ կյանքից պատմեմ քեզ օրինակի համար։ Ես ծնած էի սուննաթ, բայց երեխայութենից դաստիարակվելով շիաթների մոտ, սրտի վկայությամբ ընդունել էի այդ վարդապետությունը։ Ինձ թվում էր այն ժամանակ, թե ղորանից