Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես հրամայում էր նորա թշվառ հոգին և ամայացած սիրտը, որ անիրավաբար օգուտ քաղելով յուր պատահական դրութենից չարաչար գործ էր գնում յուր ուժը ձեռք ձգած մարդու վերա, որ կանգնած էր նորա առաջև։

— Հը՛մ,— արեք Շամիլը,— դու ուրախ կլինեիր, որ ես իմ ձեռքով առնեի քո դատաստանը, բայց ի՛նչ հարկավորություն ունիմ անհավատի արյունով պղծել իմ ձեռքը։ Տարակույս չկա, որ դու հանցավոր ես և մահու պարտական, որովհետև այս ծերունիների առաջև հանդուգն խոսքերով անարգեցիր ինձ, բայց ես քո դատաստանը կհանձնեմ այն աշխարհի կառավարությանը, որին հպատակ ես դու։

— Միայն թե արձակեցե՛ք ինձ այստեղից, այնուհետև ինչպես կամիք և ես անչափ շնորհակալ կլինիմ ձեզանից, եթե առիթ տաք ինձ գործ ունենալ իմ աշխարհի կառավարության հետ, որ անտարակույս բյուր անգամ լավ հասկանում է մարդկությունը քան թե դուք։

— Բայց մի մոռանար, որ ես մի մեծ մարդ եմ, և այնքան մեծ, որ ձեր կայսրը արժան է համարում իմ հետ պատերազմել։ Եմ որդին Պետերբուրգում կրթված լինելով, ունի շատ մեծատուն բարեկամք. ինձ արժե միայն մի նամակ արձակել դեպի Պետերբուրգ. այնուհետև ավարտված էր քո ասպարեզը։

— Խնդրեմ, որ դուք ևս չմոռանաք, որ մեր կայսրը վարվում է ձեր հետ, որպես մի բռնակալի հետ, որ տիրապետելով մի աշխարհի, խռովում էր դրացի ազգերի խաղաղությունը։ Նա ո՛չ եթե հաղթություն կամի ստանալ ձեր վերա, այլ պատուհասել ձեզ, ըստ որում ձեր ժողովրդի անօրենությունքը հասած են մինչև երկինք։ Դուք պարծենում եք, կամ մեծ հույս ունիք ձեր որդու մեծատուն բարեկամների վերա, բայց ես այդպիսի բարեկամների լինելությունը ևս ձգում եմ երկբայության տակ։ Ձեր որդին գտել է յուր հետ խոսողք միայն, որ քաղաքագետ մարդիկ լինելով մի կերպ վարվել են նորա հետ, բայց ներկա ժամանակումս բարեկամ գտանել Պետերբուրգի մեջ, շատ կարծիքական մի բան է։ Այս խոսքերը չեմ ասում ես այն պատճառով, որ արգելեմ ձեր գրությունը, ամենևին ո՛չ. դուք կարող եք դրել իմ մասին ում կամիք, բայց այն մարդը, որին գրելու էիք, ձեր օրենքի ընդդեմ պահանջողութեններին լռությամբ միայն պատասխանելով, կանարգե ձեր կոչումը և անձը։ Մեր կայսրը, որին հատուցել ենք մեր հպատակական երդումը, այնպիսի իշխան չէ, ինչպես դուք, որ միմիայն բարբարոսությամբ կամիք ցույց տալ ձեր մեծությունը, դորա հակառակ, նա հայր է այն ազգերին, որոնց կառավարության ղեկը նախախնամությունը հավատացել էր նորան։ Նորա սիրտը միշտ պատրաստ է կարեկից լինել յուր մի որևիցե