Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սարսափում է. և ինքը, չնայելով որ մարդերի որսորդ էր, պակաս ուրախանալու չէր, եթե ազատվեր այգ հոգու ներկայութենից։ Շատ անգամ մի մարդու միայն լոկ կերպարանքը մեծ ազդեցություն է գործում նորա առաջև կանգնած մարդու վերա. մի հայացք կայծակի պես թռչում է, մտանում է նորա մեջ և, ասես թե, տեսանելով նորա հոգու ամենածածուկքը, զինաթափ է առնում նորան։

Խաբեբա մարդիկ այս հոգեբանական երևույթը մեկնում են շնչական մագնիսականությամբ, որի լինելությունը և ազդեցությունը դեռևս չէ ապացուցված և ընդդեմ է մինչև այժմ հայտնի բնական օրենքներին:

Ինչպես և եղած լիներ, միայն բանը այս է, որ Շամիլը մի թրջված կատվի նման վեր կացավ սոֆայի վերայից և դուրս գնաց նայիբների հետ, հրամայելով ինձ ևս ելանել նորա քամակից։

Երբ ոտքս դուրս կոխեցի շեմքից, երկու զրահավորված մարդիկ բռնեցին ինձ և դարձյալ տարան և փակեցին գոմի մեջ։

Այսպես անցավ իմ առաջին տեսությունը։

Առանց ամենայն այցելության, երկու շաբաթ մնացի գոմի մեջ։ Ստանում էի մի շատ պարզ կերակուր. խմելիքս էր կորեկաջուր։ Այդ երկու շաբաթական բանտարգելությունը, առաջին անգամ փորձական կերպով շոշափելի կացուց ինձ արգելական մարդու թշվառությունը. ազատության արժեքը ավելի վեր բարձրացավ իմ աչքում, և այդ օրից ուխտեցի վերջին արյունս թափել ազատության անունի վերա։

Այդ միջոցը դարձավ իմ համար մի գեղեցիկ ուսման ժամանակ, այդտեղ ավելի հիմնավոր կերպով սկսեցի մտածել մի քանի փիլիսոփայական խնդիրների վերա։ Այդտեղ վերստին նվիրեցի իմ անձը, իմ կյանքը մարդկության օգտին. այդ միջոցին մանավանդ վեր բարձրացան դեպի երկինք իմ ջերմեռանդ աղոթքի խունկերը, և ամենաբարձրյալը գթացավ իմ վերա։

Մի երեկո, երկար մտածութեններից հետո քնեցա... ի՛նչ տեսակ երազներ, ի՛նչ պատկերներ ներկայացան իմ հոգու առաջև։ Բայց հարկավոր չէ այդ բաները գրել այստեղ, ով գիտե, մի՛ գուցե Հիշատակարանիդ ընթերցողքը ասեն, թե մեք Շահբեգին մի մարդ էինք կարծում, բայց նա ևս շատախոս պառավի նման երազներով է լցրել յուր նամակը։

Բայց գիտեմ, որ դու պիտի բարկանաս եթե չգրեմ, որովհետև կատարյալ գաղափար ստանալու չէիր այն տպավորությունների մասին, որ գործվել էին իմ վերա։ Այս պատճառով իմ երազներից գլխավորը ստորագրում եմ այստեղ, բայց այն պայմանով, որ դու միայն կարդաս և հիշատակարանիդ մեջ չերևի. բարեկամության անունով հարկադրվում ես