Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարել այս իմ ցանկությունը, իմ պատիվը ժողովրդի աչքումը պահելու համար։[1]

Եվ այսպես, երկար և տեսակ տեսակ մտածողութեններից հետո, քնեցա։

Ինձ թվեցավ, թե գտանվում եմ մի գեղեցիկ դաշտում, կանաչ արոտի վերա թեք ընկած մի ծառի տակ. առաջևիցս վազում էր մի քաղցր և պայծառ վտակ։ Տեսա, որ գալիս է հեռվից մի երիտասարդ մարդ, երկարահասակ և նիհար. տեսա, որ շատ վաստակած հազիվ հազ փոխում էր քայլերը. նա չնկատեց ինձ, որովհետև ծառը խափանարկու էր նորան ինձ տեսանելու։ Թուլութենից համարյա թե վայր ընկնելով նստավ արոտի վերա։ Նորա կերպարանքը տխուր, և, չնայելով նորա երիտասարդությանը, արդեն խորշոմը դրել էր նորա ճակատի վերա յուր կնիքը։

Հարցասիրությունը բռնադատեց ինձ մոտենալ այդ մարդուն. նորա մելամաղձոտ կերպարանքի մեջ գտա ես մի համակրություն։ Ինձ թվեցավ, թե այդ մարդը շատ վշտերի ենթարկվելով, իրավունք էր ստացել, որ ամենայն մարդ կարեկից լինի նորան:

Մոտեցա և ողջունում եմ։ Նա փոխանակ իմ ողջույնը ընդունելու, դեպի երկինք վեր բարձրացրեց յուր նիհար ձեռքերը և վշտահար աչքերը, և ասաց.

— Աստվա՛ծ իմ, ա՛ստված իմ, այստեղ ևս հանգիստ չկա մարգերից, այստեղ ևս չեմ կարող մոռանալ ինձ շրջապատող բնությունը և վեր բարձրանալ մտքով դեպի քեզ։

Այս խոսքերը ասաց, առանց ուշադրություն դարձուցանելու իմ վերա, հետո, որպես թե կերպարանափոխ լինելով, շատ սառնությամբ ողջունեց ինձ։ Սա ի՛նչ օտարոտի մի մարդ է, մտածեցի ես. արդյոք ի՛նչ է պատճառը, որ աշխարհից բոլորովին հուսահատվելով մխիթարություն է որոնում անապատում, միայնության մեջ։

- Խնդրեմ ներողությո՛ւն,— ասացի ես,— եթե անպարկեշտությամբ վրդովեցի քո առանձնական ժամերի խորհրդականությունը. բայց ես չեմ մեղավոր, որ շտապեցի քո մոտ, դեռ նոր էի տեսել քեզ հեռվից և ահա սիրտս սաստիկ սկսեց բաբախել կուրծքիս մեջ։ Քո բանաստեղծական

  1. Այն բանը, որ ընդդեմ չէ հորեղբորս ճաշակին և հասկացողությանը, անտարակույս ընդունելի է ժողովրդին, ըստ որում հորեղրայրս ունի լավ ճաշակ և տեր է խիստ, բարոյականության: Բացի սորանից պ. Շահրեգի պարկեշտութենից հառաջացած արգելանքը զրկանք ճանաչելով Հիշատակարանիս ընթերցողներին, արժան համարեցի ներս բերել Հիշատակարանիս մեջ նորա խորհրդավոր տեսիլը, հուսալով մեր բարեկամի ներողամտության վերա: