Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Տեսանո՜ւմ ես,— ասաց իմ հետ խոսողը թույլ ձայնով,— այդ հազար կարկատաններով կցկցած պառավական ձեռագործը տվեցին ինձ այն կտակի փոխանակ, որի գրողը և հեղինակը էր և այդ պառավների արարիչը։

Այստեղ չկարողացա դիմանաք, որ չարտասվեմ։ Մյուս կողմից մի զմայլանք եկավ իմ սրտի վերա, տեսանելով, որ այդպիսի քնքուշ սրտի տեր էր այդ մարդը։ Հետո խոսելով մի քանի մխիթարական խոսքեր, ասում եմ.

— Մեծ երջանկություն կհամարեմ ինձ, եթե կարողանամ իմանալ, ովի՞ հետ շնորհել է ինձ բախտը խոսակից լինել։

— Ես հայ եմ,— պատասխանեց,— և ավելի ոչինչ։ Եթե իմ մարդկությունը բավական չէ քո համար, որ կարեկից չլինիս ինձ, թո՜ղ գոնե իմ հայությունը շարժե քո սիրտը և հոգին։ Ես որդի եմ մի անրախտ ազգի, որ երբեմն ունեցել է յուր քաղաքականությունը, յուր հողը, օրենքը, սուրը և դրոշակը։ Որ այս րոպեիս բևեռից մինչև բևեռ ցրված աշխարհի երեսին գտանվում է խղճալի վիճակի մեջ, գերի և ստրուկ խավար նախապաշարմունքների և ամենևին անհոգ լուսավորության մասին։ Չգիտեմ, թե ի՞նչ ազգից ես դու, բայց ով և լինեիր, մի արհամարհիր իմ անձը, մի անարգիր իմ ազգը այդ պակասութենների պատճառով, որովհետև նա է այն միակ առարկան, որ մոտ է իմ սրտին և հոգուն, որովհետև նորա արյունը շրջանառություն է կատարում իմ երակների մեջ, որովհետև գիշեր ցերեկ նորանով զբաղված է հոգիս։ Ցավի՜ր և ողբա այդ ազգը, աղաչեր գթած աստվածը նորա համար, և այդ քո բարեմտության փոխարեն կվարձատրե քեզ նա, որ խոստացավ յուր անունով մի բաժակ ջուր մի աշակերտի տվողի վարձը ևս չմոռանալ։

Չկարողացա դիմանալ, որ այլևս խոսեր նա, արյունը ապստամբվեցավ երակներիս մեջ․ փաթաթվեցա նորա վզին աղաղակելով. «Եվ ես հա՜յ եմ, և ես հայ, մեր սիրական հայերին առ ի սրտե բարի կամեցող»։

Բայց այնպիսի կրքով և սաստկությամբ փաթաթվեցա նորա վզին և այնպես աղաղակեցի, որ իմ նույնիսկ ձայնից զարթելով քնից, չէի կարող հավատալ, թե գտանվում եմ բանտում գոմի մեջ, մի ապականյալ մսուրի մոտ։

Ձեռքիս շղթաները մերկացուցին աչքիս առաջև կախարդական վարագույրը, և այդ շղթաների տխուր և միօրինակ ձայները զգացուցին ինձ, թե երազում էի տեսել այս վերևում պատմած բաներս։ Առավոտը վեր կացա տեղից հոգու մեծ զորությամբ, թեև բավական թույլ մարմնով։ Նույն օրը հրաման ստացա ներկայանալ Շամիլին։