Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս և այն տեղից ստացած նամակներս ընկած են ցիր ու ցան, որոնց շատերը մինչև այսօր անպատասխանի, որովհետև չկար գրելու համար հարկավոր ուժ։

Ձանձրույթը մյուս կողմից, խեղդում էր, չկար մի մարդ, որ մոտ լիներ սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց գաղափար։ Շատ պապահեցա գեղեցիկ և պատվական հոգու տեր մարգերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին կամ յուրյանը ազգային գործերով կամ ընդհանուր մարդկության գործերով։ Օրերը և շաբաթները վազում էին ջրի պես, բայց և ո՜չ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ, խոսք, որ մոտ էր իմ սրտին և հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը և ուղեղը։

Վերջապես բարոյական ուժը հաղթահարեց ֆիզիկական թուլությունը, զորացուց իմ ջղերը և ահա ձեռքիս մատերը կարողանում են գրիչ սեղմել յուրյանը մեջ։

Դադարեցավ կարմրագույն և ջերմ հեղանյութի շատրվանը, որ այնպիսի հորդությամբ դուրս էր զարկում թոքերիցս, և ես սկսեցի ազատ շունչ առնուլ։

Շո՜ւտ գրիչ, թանաք, թուղթ, և ահա պ․ Շահբեգի նամակով բացում եմ Հիշատակարանիս դուռը։

16/28 մայիսի, 1859, Րեֆուակայն
Պատվական եղբայրս ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

Բեռլինից ապրիլի 12-ից գրած նամակդ, որով Քրիստոսի հարությունը շնորհավորելուց հետո պատմում էիր ինձ քո ճանապարհորդության տխուր պատճառը, ստացա ամսում 14-ին, և ահա գրում եմ պատասխանը, առանց գիտելու թե ուր էիր այժմ, միմիայն հուսալով Վիսբադենի Բռաուն անունով բժշկի շնորհի վերա, որին ուղարկում եմ այս նամակը քեզ հասուցանելու համար, աշխարհի մոռացված ծայրից, մի խուլ տեղից, ինչպես է Րեդուտկալեն։ Վաղուց լուր չունեի քեզանից, վաղուց կամեի գրել քեզ, բայց ուր և ինչպես, այս բանը փակում էր ճանապարհս, այժմ քո նամակը հայտնեց ինձ հաղորդակցության հնարը և դու կարող ես մի քանի ձայներ լսել մեր կողմից։

Չկամիմ նամակս սկսանել նորանով, թե ողջ և առողջ էի, մաշված ձև է, և նամակը բավակա՜ն է գրողի կենդանությունը ապացուցանելու համար։ Չկամիմ դարձյալ մեջ բերել իմ առ ու տրական գործերիս ընթացքը