Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընծայել է այս կամ այն վանքին և թե վանքերի միաբանքը քանի՞ պատարագ խոստացել են նորան։

Հնախոսությունը մի առանձին և հոյակապ գիտություն է․ և հնախոս լինել կարող է միայն այն մարդը, որ քաջ տեղյակ էր ընդհանուր պատմության, ընդհանուր օրենսգիտության, հին և նոր քաղաքական աշխարհագրության։ Գավառներ և աշխարհներ ստորագրող մարդը բացի այս գիտութեններից պիտի քաջ ուսած լինի բոլոր բնական գիտությունքը, բնական և մաթեմատիկական աշխարհագրություն։ Նա յուր նկատողությունքը պիտի արձանագրե, ծանրաչափը, ջերմաչափը և էլեկտրաչափը ձեռքին, ամենայն րոպե փորձելով և զննելով։ Այս ասածներիցս և ոչ մինը օգնական և ձեռնտու շինելով մեր կարդացած գրքի հեղինակին, հարկավ նորա աշխատությունը պիտի նմաներ մի առասպելի, որ մի պառավ կարող էր պատմել յուր թոռներին ձմեռնային երկար երեկոներում, առանց փաստերի և ապացույցների, միմիայն կույր հավատ պահանջելով լսողների կողմից։

Եվ մի՞թե սորանից ավելի է այն առասպելը, որ հեղինակը տալիս է ազգին համարյար թե հալած յուղի տեղ, պատմելով թե մոնղոլները, երաշտության ժամանակ, եթե կամենան, կարող են անձրև բերել։ Հեղինակը վկա է բերում այս բնության ընդդեմ գործին յար ղզլարեցի Հայ թարգմանը և այլ արժանավոր անձինք։ Թող բյուր անկիրթ և անդաստիարակ մարդիկ վկայեն, բայց մի օրինավոր մարդու անվայել է այդպիսի անալի և անհամ սուտեր ոչ թե տպագրությամբ հրատարակել, այլև բերանից անդամ հանել։ Ահա հեղինակի բուն խոսքերը (տե՜ս երես 438)։ «Մերկանան զհանդերձս խրեանց և սպիտակ կտաւ արկեալ գանձամբ կանգնին յեզր միոյ վտակի, այնուհետև ի գուջս անկանին և բարձրանան և աղօթեն, ապա յետ կիսոյ կամ միոյ ժամու արշաւեն ի բարձունյ ի չորից կողմանաց սևաթոյր ամպք, զօրէն զօրաց հապճեպ ժողովելոց, և սկսանի տեղալ յորդահոս անձրև»։

Ազգերի և ժողովրդների բարոյական կյանքի վերա արած նկատողությունքը ևս ուղիղ չեն. պատճառ, այդ բաների աղբյուրը ամենայն խնամով պիտո է որոնել ազգային կյանքի հետ հարակից հանգամանքների մեջ։ Պախարակել մի սովորություն, որպես ազգային ախտ, իրավունք չէ, եթե այդ սովորությունը մտել է ազգի մեջ օտարից, որի հետ կենակից էր մեր ազգը, կամ որի կապանքի տակ գտանվում էր ճնշված և՛ բարոյապես և՜ քաղաքականապես։ Այդպիսի սովորությունքը որպես ընդհանրապես վնասակար, կարելի է միայն խայտառակել, բայց ոչ որպես մի ախտ, որ երևել էր որպես հետևանք ազգի սեփական կյանքի և արյունի։