Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծծմբային օդ կարծածը նավթի շոգիք են, իսկ նավթը պատկանում է ածխային մարմիններին։ Քարյա ածուխը, որ բավական խոր էր ընկած գետնի կեղևապատի մեջ, և հետևաբար ենթարկված է ավելի բարձրաստիճան ջերմության, լուծանվում է դեպի զանազան բաղադրությունք, որոնցից մինը է նավթը: Սա, յուր բաժանված տեղից բարձրանում է որպես շոգի, և պատահելով ջրերի (ուրեմն ավելի ցած աստիճանի ջերմության, որովհետև ավելի մոտ է երկրի մակերևույթին), բնական օրենքներով ստանում է հեղուկ հատկություն և մասնավոր կշռով (удельным весом) թեթև լինելով քան թե ջուրը, հավաքվում է ջրերի երեսին, որից հառաջանում են նավթի հորերը և լճերը։ Բայց այն շոգիքը, որ ճանապարհ ստացել էին դեպի երկրի մակերևույթը մի վուլկանական ճեղքվածքի միջով, չհանդիպելով ջրի կամ մի ավելի սառն շրջակայքի, հասանում են դեպի վեր շոգու հատկությամբ, և հերիք է մի լուցկի մոտեցնել այդ շոգուն, որ պայծառ վառվեր։ Իսկ թե այդ շոգիքը հավաքվեին մի անոթի մեջ, որ դրվեր ավելի ցած ջերմությամբ շրջակայքում, եթե այդ անոթը շրջապատող օդը ավելի ճնշեր այդ անոթը, քան թե նոր մեջ գտանված օդի ձգական ուժը, այն ժամանակ, անտարակույս, շոգին կլուծանվեր դարձյալ դեպի հեղուկ մարմին—նավթ։ Այս համառոտ ծանոթաբանությունը ավելորդ չեմ համարում ես, հավատացնելու համար արգո հեղինակին, թե ոչ ամենայն բան ծծումբ է, որ վառվում է, մանավանդ այն մեհենների միջի վառվածը։ Արդյոք գիտե՞ արգո հեղինակը (ի՛նչ տեղից պիտի իմանա), թե ծծումբը վառվելու ժամանակ խլելով օդից երկու չափ թթվածին, բաղկացնում է ծծմբաթթու (ՏՕ сернистая кислота), որ սաստիկ վնասակար լինելով շնչառության, կարող է խեղդամահ սպանել և քուրմերը և ուխտավորքը։

Հեղինակը շատ տեղ օդերի մասին ևս հայտնում է յուր կարծիքը, երբեմն լավ, երբեմն վատ և վնասաբեր ասելով այս կամ այն տեղի օդը։ Այդպես կարելի չէ օդ քննել և այդպիսի անհիմն խոսքերը ոչինչ գին և արժեք չունին գիտության մեջ, որ պահանջում է փորձական ստուգագործության։ Օդի օգտակարությունը և վնասակարությունը քննվում է և սահմանվում է նախ և հառաջ, տարու զանազան եղանակների մեջ քանի օրերով ծանրաչափի և ջերմաչափի գործադրությամբ, որպեսզի կարելի լինի սահմանել օդի ճնշողության և ջերմության ընդհանուր և միջակ թիվը։ Երկրորդ, էլեկտրաչափով քննելով օդի էլեկտրականության չափը կամ որպիսությունը, որ մեծ ազդեցություն ունենալով ջլերի վերա, հետևաբար մեծ խորհուրդ ունի մարմնի շնչական կյանքի վերա, հատկապես ներգործելով շնչառության վերա և թոքերի միջնորդությամբ հարակցություն ունենալով նույնիսկ արյունի հետ, որ է աղբյուր