Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանության։ Երրորդ, քիմիաբար լուծանելով օդը, հասկանալու համար, թե ի՛նչ գազերից էին բաղկացած, արդյոք բնական կերպով ազոտից և թթվածինից, և սոցա հարաբերությունը էր որպես 21 : 79, թե այլապես, կամ թե կային ուրիշ գազանման մարմիններ։ Արդյոք գիտե՞ արգո հեղինակը, որ թե 100 չափ օդի մեջ ավելի լինի թթվածինը քան թե 21, նույնպես վնասակար էր առողջության, չափազանց միանալով ածխածինը արյունի հետ, որպես և պակաս լինելով և թողնելով չայրված ածխածին արյունի մեջ, դորանից պիտի հառաջանար արյան թանձրություն, շնչառության ստիպանք և կարճության։ Չորրորդ, քննվում է օդը, քննելով մի որոշած տեղի շրջակայքը և նոցա հատկությունքը և որակությունքը, որ անմիջապես ազդեցություն ունեին օդի վերա. զորօրինակ անտառները, բուսականքը, լիճերը, ճահիճները և առհասարակ այն բաները, որոնցից ենթադրվում էր թե լինում է շատ արտաշնչություն, քիմիաբար լուծանելով այդ արտաշնչությունքը և քննելով նորա բաղկացական տարերքը։

Մի մարդ, որ չգիտեր ֆիզիոլոգիա, որ չգիտեր թե ի՛նչ պաշտոն ունի կատարելու օդը մեր շնչական կայանքի հարատևության մեջ, այն վերոգրյալ բոլոր բաները ևս օրինավոր քննելով, չէ կարող սահմանել օդի օգտակարությունը և վնասակարությունը դրականապես։ Հարկավո՛ր է, որ այդ մարդը իմանա հառաջուց, թե ինչ տեսակ օդ ինչ բաղադրությամբ և ինչ չափով տարերքի հարկավոր էր, առողջ մարմնի առողջությունը շարունակ պահելու համար, որպեսզի յուր կատարած փորձերի արդյունքը համեմատելով այս գաղափարի հետ, կարողանա դատել և վճռել օդի վնասակարությունը կամ օգտակարությունը։

Հեղինակը յուր գործի մեջ նոր ապացույց է տալիս մեզ յուր անսահման իրավունքներին, որից օգուտ էր քաղում։ Խոսելով Նոր-Նախիջևանի վերա, խոսելով եկեղեցիներում գտանված գրչագիրների մասին, ասում է (տե՛ս երես 460)։ «Ի բազմաթիւ աւետարանաց զմինն առի ընդ իս, ըստ որում արտագրեալ էր յիսկական ձեռագրէ Սրբոյն Սահակայ մերոյ թարգմանչի»։ Սուրբ Սահակի ձեռագրից օրինակված լինելը արդարություն և իրավունք է համարվել, որ բոլորովին, մի այլ վիճակի եկեղեցու գույք սեփականվի հեղինակին։ Եթե հեղինակը ժառանգական ազգակցություն ևս ունենար Սուրբ Սահակի հետ, այնուամենայնիվ այդ գրչադիրը չէր պատկանում նորան, ըստ որում ուրիշի աշխատությամբ էր օրինակված, ո՛ւր մնաց որ հեղինակի և Սուրբ Սահակի մեջ կան 1400 տարի, արևելք ու արևմուտք, երկինք ու երկիր, սար ու ձոր... Այս նորանշան իրավունքի օրինակը չենք տեսանում ոչ մի ներկա տերության օրինադրությունների մեջ, և ոչ իսկ հռովմեական օրենսդրության մեջ: