Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մտքի մեջ ֆրանսիական մրրկալից պատմությունը, սկսած Լուդովիկոս տասնևչորսերորդից մինչև պոլիտիկական մեծ ավազակը:[1] Ամբողջ վեց ժամ ման գալուց հետո երեկոյացավ, բայց ես որոշեցի գիշերել այնտեղ և նայել Վերսալի վերա գիշերի խոր և խորհրդական լռության մեջ։

Կես գիշերն անցել էր։ Մինչ ամենայն ոտք կտրվեցավ, մինչ ամենեքին ցերեկի ջերմութենից թուլացած անկողին մտան քնով զորացնելու համար յուրյանց ուժը, ես մտա Վերսալի ծառաստանը։ Պայծառ էր գիշերը. զովարար քամին մխիթարում էր արևից տանջված ծառերի տերևքը, որ այժմ ավելի ուրախ և զվարթ խշխշում էին։ Լուսինը ամենայն փառահեղությամբ լողում էր կապույտ երկնքի վերա։ Գերեզմանակա՜ն լռություն.... Բնակիչներից ամայացած պալատը, սարի վերայից, տխուր ճակատով նայում էր յուր ոտքում գտանված լճերի և այժմ անջուր ավազանների վերա։ Այդ ժամերում բյուրավոր ճրագներով լուսավորված ապարանքը խավար էր այժմ...

Հազար հիշատակներ և բյուր մտածությունք, ասես թե, պատերազմ ունեին ուղեղիս մեջ։ Ես կոխում էի գետինը այն ծառերի տակ, ուր պալատական տիկինները ժողովում էին ծնկաչոք ասպետների սիրու հավաստիքը։ Ես կանգնած էի մի այնպիսի տեղում, ուստի երևում էին գլխավոր պալատը և մեծ ու փոքր Տրիանոնքը։ Եվ եթե այն րոպեին, հարյուրավոր տարիներով հետ գնար ժամանակը, եթե մտքիս և հիշատակիս մեջ կենդանացած մարդերի մարմինքը ևս կենդանանային, ապա ուրեմն պիտի տեսանեի անշուշտ, թե ի՛նչպես անբախտ պոլոնիացի Մարիա Լեշչինսկին, դուրս էր գալիս մեծ Տրիանոնից անտառի և գիշերի առանձնության մեջ ողբալու յուր թշվառությունը, գիշերին, ծառերին և հովերին բանալու յուր սիրտը։ Պիտի տեսանեի անշուշտ, թե ինչպես փոքր Տրիանոնի պատուհանում դրվում էր թագավորի սիրականի ձեռքով խորհրդավոր ճրագը, և թե ինչպես թույլ և մեղկ և կարդինալին ստրկացած Լուդովիկոս տասնևհինգերորդը դուրս էր գալիս պալատից, ոգևորված միմիայն այդ խորհրդական ճրագի լուսով...

«Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ»,— ընդհատեց լռությունը ավերակների ժառանգը։ Ես հետևեցա ձայնին, տեսանելու Աթենասի նվիրականը։ Նա թռել էր մի հոյակապ արձանի վերա, որ կանգնեցուցած էր քարաժայռի տակ, մի բոլորակաձև հրապարակում։ Նայեցա չորս կողմս, կամելով հասկանալ, թե ի՛նչ տեղ էր այդ և ահա հիշեցի ցերեկը ինձ առաջնորդող սպասավորի պատմածը։ Այդտեղ լինում էին երբեմն երաժշտական նվագածությունք, որ կարգում էր ֆրանսիական թագուհիներից ամենաթշվառը—Մարիա

  1. Ակնարկում է Նապոլեոն Բոնապարտին: