Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտուանետտան.. Հիշատակը այս անունի, մի կախարդական գավազանի զարկվածքի պես դղրդեց ուղեղս։ Աչքիս երևեցան իսկույն ֆրանսիական պուպլիցիստները, Մարաթը, յուր սպիտակ կեղծամով, որ խոստանում էր փրկել թագուհու կյանքը։ Մի փոքրից հետո, ասես թե, տեսանում էի խուռն բազմություն կատաղիների, ձայն, աղաղակ, խռովություն, էշաֆոտ, դահիճ և երկու կտրված ու արյունով շաղախված գունաթափ գլուխներ։ Ես ճանաչեցի Լուդովիկոս տասնևվեցերորդը և Մարիա Անտուանետտան... Նոցա կտրված գլուխների հար և նման մոմեղենքը տեսած էի Լոնդոնում մադամ Տյուսսոյի մոտ։

Չէ պիտո մոռանալ, որ Վերսալի փայլողությունը սկսեց շիկանալ այն ժամանակից, երբ ֆրանսիական ազգի սիրտը ցրտացավ դեպի Լուդովիկոս տասնևչորսերորդը։ Այս ցրտությունը հավասար չափով աճում էր, որքան հ. Լաշեզ, թագավորի խոստովանահոր ազդեցությունը Լուդովիկոսի վերա։ Ասես թե ազգը զգում էր դորա հետևանքը և արդարև Լուդովիկոսը մեռավ հիսուսյան (եզվիտ, ճիզվիթ) դարձած։

Առավոտը վաղ վերադարձա Փարիզ։

Փարիզի մեջ կան երկու ազգային վարժարանք, մինը Մուրադյան, իսկ մյուսը Հայկական։ Առաջինը գտանվում է մխիթարյան միաբանության իշխանության տակ, և վարժարանի ներկա կառավարիչը է հ. Ղևոնդ Ալիշանյանը։ Վարժարանը գտանվում է Սեյնի մյուս կողմում, քաղաքի ծայրում. բավական գեղեցիկ շինվածք, երկու հարկով, որի վերա կարելի է ժամանակով հավելացնել և երրորդ հարկ, եթե միայն հիմքը կարող էր երաշխավոր լինել հավելվածի և ամբողջ շինվածքի ապահովությանը։ Գլխավոր շինության մեջ բովանդակվում են մատենադարանը և մի փոքրիկ հավաքույթ ֆիզիկական գործիքների, և հանքաբանական և կենդանաբանական օրինակների։ Այնտեղ են դարձյալ հյուրընդունարանը և կառավարչի և վերակացու կամ դաստիարակ կրոնավորների բնակարանքը։ Գլխավոր շինության աջ ու ձախ կողմից շինած են նույնպես բնակությունք, որոնցից մինի մեջ բովանդակվում են աշակերտների ննջարանքը, ամենայն աշակերտի համար առանձին, իսկ մյուսի մեջ դասատունքը, երեք կարգ բաժանված։ Վարժարանը ունի և մի բավական գեղեցիկ և բավական ընդարձակ մատուռ։

Աշակերտքը այդ դպրոցի որդիք են հռովմեական դավանության հայերի. և բուն հայկական կամ ավետարանական հայերի զավակները տեղ չեն կարող գտանել այդ դպրոցի մեջ։ Ավելորդ է մի խոսք ևս ասել դպրոցի ուղղության բնավորությունը սահմանելու համար, ըստ որում աշխարհին հայտնի է այսօր, թե ի՛նչ ասել է աբեղայական դաստիարակություն. վարժապետքը մեծ մասնով են մխիթարյան աբեղայք, մնացածքը