Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Խորեն հարգելի վարդապետների անմիջական տեսչության տակ, որոնցից յուրաքանչյուրը դասատու են նույնպես մի քանի առարկայի։ Դպրոցը բացված է Սարգիս, Գաբրիել և Ամբրոսիոս վարդապետների ձեռքով, երբ սոքա կտրվեցան պապականության հետ հաղորդակցութենից, դպրոցի ծանրությունը գտանվում է Կոստանդնուպոլսի հայերի ուսերի վերա։ Որովհետև ընդդեմ է առողջ բանականության որևիցե գործ սկսանել առանց մի հաստատ հիմք ունենալու, այս պատճառով ևս ազդային դպրոցը, որպես արդյունք մի պատահական կայծի, առանց որևիցե ապահովության, այս րոպեումս գտանվում է նեղության մեջ դրամական մասին։ Մեք Ռուսիայի հայերս սովոր չենք այսպիսի գործ կատարել, բայց փորձերը, որ կատարվեցան քանի և քանի անգամ Տաճկաստանի, Կոստանդնոլպոլսի մեջ, հաստատում են, թե մեր այնտեղ գտանված ազգայինքը շատ դյուրավառ են դեպի այսպիսի գործեր, որ հետո շիջանում են շուտով չլինելով հնարք պահպանության։ Պետք էր մի փոքր ավելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում. պատճառ, մի քանի տարի ոտքի վերա պահել մի դպրոց և այնուհետև խափանել արդեն, հայտնի և բավական զգալի վնաս է։ Գումարը արծաթի, որ գործ էր դրված այդ քանի տարու համար, կարելի էր, ավելի շատ օգտի հուսով, հիմնավորապես գործ դնել, մանավանդ որ դպրոցի պես բանը գոնե վեց յոթն տարի ժամանակի է կարոտ, որ կարողանա ցույց տալ մի արդյունք, մի պտուղ. իսկ եթե նա փակվում էր դեռևս մի անգամ չավարտած յուր ուսման շրջանը, ի՛նչ օգուտ ազգին։

Փարիզյան ազգային վարժարանի պահպանելը կամ փակելը ներկայումս համարյա թե հասարակաց խոսակցության նյութ է Տաճկաստանում։ Ոմանք համարում են օգտակար, իսկ ոմանք ուրանում են դրականապես այդ դպրոցի օգուտը, երկու կողմը ևս հառաջ են բերում զանազան համոզիչ և ճշմարտանման փաստեր։ Մեր դրությունը այսպես է. ա) Դպրոց հարկավոր է հիմնել և պահպանել այնտեղ ուր է ազգը. բ) Դպրոցը հիմնելուց հառաջ ապահովել նորա մշտնջենավորությունը, որ ազատ մնա ամենայն պատահարների երեսից, գ) Դպրոցից հառաջ հոգաբարձություն գործել օրինավոր ազգային դաստիարակներ պատրաստելու համար. դ) Ազգային դպրոցը, աշխարհական լուսավորությունը չշփոթել կրոնի կամ կրոնավորների հետ. ե) Դպրոցի կառավարությունը հանձնել ուսումնական աշխարհական անձերի. զ) Մերժել հոգևոր վիճակից մարդերի իրավասությունը որևիցե ազգային աշխարհական դպրոցի վերայից է) Դպրոցը վարել ճիշտ եվրոպական ուղղությամբ. ը) Դպրոցի մեջ ավանդվելու ուսմունքը և գիտությունքը հառաջ վարել եվրոպական երկրորդ դասակարգի վարժարանների ընթացակցությամբ։