Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ պատճառով հրաժարվեցան շարունակել սկսվածը, և այս է պատճառը, որ պատվելի թարգմանիչքը հառաջ էին բերել տպագրապետին․ թե նամակ են ստացած Հնդկաստանից, որով գրում էին թե ամոթ է վերապատվելի թարգմանիչներին բան տպել մի այնպիսի տպարանում, ուր տպվում էր Արևմուտքը։ Ահա մի նոր գաղափար հայերի ասիական թանձր պղտորամտության. մինչև այս աստիճան մտքի և գաղափարի այլանդակությո՞ւն․ չգիտենք ինչ մտածել։ Մնում է մեզ միայն զարմանալ թե խնչպես այդ այլանդակ և տմարդի գաղափար հղացողը կամ այդ խրատաբանության հետևողքը ապրում են միևնույն արևի լույսի տակ, ինչպես բնակվում են միևնույն մոլորակի վերա․ անգոսնելի կիրք։

Մուրադյան վարժարանի վերա խոսելով ասացինք, թե վերապատվելի հայր Ղևոնդ Ալիշանյանց վարդապետը գտանվում է Փարիզում, որպես կառավարիչ Մուրադյան վարժարանին։ Այս արժանապատիվ անձը ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետի անունով։ Նորա Ավագ և փոքր Մասիս, Հայոց աշխարհիկ, Պլպուլն Ավարայրի տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա։ Հ․ Ղևոնդ Ալիշանյանցը յուր անունով և նահապետ ստորագրությամբ հրատարակած կամ մինչև այժմ դեռևս չտպված տաղերգությունքը տպել է առանձին, որպես Նվագք, Հայրունի մակագրով։ Հին լեզվով գրվածների մեջ տեսանում ենք գործ դրված ամենայն ջանք և ճիգն մթնախոս լինելու, իսկ Նահապետի անունով գրվածքը թեև աշխարհաբար, բայց շատ հաղթահարված հին լեզվից, և նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզվին, շատ անգամ մեջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակավ էին գործ ածվում։ Հ․ Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար և այդ քանքարը կարող էր ավելի պարզ և վառ երևել, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ։ Միևնույն կերպով ցավում ենք և Խորեն վարդապետի վերա, քաջ գիտելով նոցա դրությունը և հայացքի, շատ անգամ գուցե ակամա, սահմանքը։ Շատ և շատ երախտապարտ կկացուցանե մեզ ծերունի Նահապետը, և խոստանում ենք, որ Հայաստանի լուսնակը յուր շողը կկաթե նորա գերեզմանաքարի վերա, եթե յուր այսուհետև երգելիքը երգե ավելի հասկանալի (հասարակ ժողովրդի համար) լեզվով։ Արժանապատիվ Խորեն վարդապետը խոստացել է մեզ այս, յուր կողմից, ուստի և ավելորդ ենք համարում վերստին խնդրելով ձանձրության պատճառել։

Չէ կարելի մի երկու խոսք չասել Փարիզում գտանված մի ծերունի պապական հոր մասին։ Նորա վերտառությունը այսպես է. Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետյան, համախոհ Մխիթարյանց Վենետկո։ Այս վերջին բացահայտիչ խոսքերը, թերևս գրվում են այն մտքով, որ ընթերցողը