Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղաչում ենք մեր եղբայրակիցքը, թարգմանության ժամանակ ուշ դարձուցանել այն ալն բանի վերա, որ բնագիրը ունենա մի հաստահիմն արժանավորության։

Մեք ուրախ ենք, որ ամենայն տեղ հայերի մեջ երևում է այժմ փոքրիշատե շարժողություն, ազգը և ազգությունը ասես թե կամաց կամաց դառնալու են հասարակաց խոսակցության նյութ. բայց մեր ցանկությունը այն է, որ այդ առարկայի վերա ամուլ շատախոսությամբ չհերիքանան։

Շատ փոքր է Փարիզում գտանված հայերի թիվը, բայց այս փոքրի մեջ երևում է ազգայնությունը ավելի շատ, քան թե այլ բազմահայ քաղաքներում, ուր շատ անգամ ձգել է մեզ բախտը։ Փարիզում գտանվում է քանքարավոր պ. Ս. Ոսկանյան ուսումնական ազգայինը, որ քանի մի ժամանակ սորանից հառաջ հրատարակելով Արևելք անուն օրագիր (խափանված մի հայ ճիզվիթի դարանագործությամբ, ամո՛թ և խայտառակություն այդ սևահոգի անպիտանին), այժմ հրատարակում է Արևմուտք անունով կիսամսագիրը։

Ազգային արգո և պատվելի եղբայրակիցք պ. Թյուսյուզյան, պ. Քյաթիպյան և այլք հոգաբարձու լինելով բոլոր տպագրության ծանրությանը, հրավիրած են պ. Ոսկանյանին հանձն առնուլ միայն շարադրելը։ Ազնիվ հայը զոհելով յուր ժամանակը կամակար ընդունում է այս հրավերը և ահա Արևմուտքը երևում է հայերի աչքին։ Մեք գիտենք մի ազատախոս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մեջ. այդպիսի հեղինակը ոչ թե միայն պիտի կուրծք մաշե, աչքի լույսը թափե ազգին նոր գաղփարք տալու համար, այլև պիտի տանի այն սև սև բամբասանքներին, որ անխորհուրդ խավարասերքը անշուշտ ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերա։ Ասիացին չէ կարող մերկանդամ տեսանել ճշմարտությունը։ Իզիսը պիտի քողով ծածկվի միշտ եգիպտացու աչքից. այս պատճառով ևս տեսանում ենք զանազան խլրտմունք և թշնամական հարձակմունք Արևմուտքի թե՛ հիմնադրերի և թե՛ շարադրողի ջանքը և աշխատանքը ունայնացնելու համար։ Չգիտենք, թե մինչև ե՞րբ պիտի հարատևե հայճիզվիթների ազդեցությունը մեր ազգի վերա... Ո՛հ, օրերով, ամիսներով և տարիներով ողբալու նյութ։

Մեք մի առանձին հոդվածով մասնավորապես կխոսենք Արևմուտքի վերա և մի երկու բան մեջ կբերենք Արևմուտքից այդ հոդվածի մեջ, մեր ընթերցողներին մի փոքր ճաշակ տալու համար։ Այժմ այսքան թող հերիք լինի ծանուցանել, որ այդ օրագիրը հրատարակվում է ամիսը երկու անգամ, յուրաքանչյուր համարը բաղկանում է մի քառածալ թերթից, տարեկան գինը Փարիզում է հինգ մանեթ, Մոսկվայի մեջ վեց մանեթ, իսկ Ռուսիայի այլ քաղաքների համար յոթն և կես մանեթ։