Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտվում է Բեգզադեն, արդյոք չունե՞ին ինքյանք ևս այդպիսի գործեր, արդյոք ապականված չէ՞ին նույնպիսի կամ ևս ավելի վատթար կեղտերով։ Հիշատակարանիս աչքերը բա՛ց են և ականջները սուր... Բարվոք է յուր անձը մաքրել, քան թե բարկանալ այն մարդու վերա, որ տեսանելով ապականությունը, ասում է հայտնի, թե ապականված ես։

Տարակույս չկա, մեր ազգի հիվանդությունը դարավոր է, այն ապականությունքը, որով նա պղծել է յուր հայության անունը, մեծ հնարների են կարոտ, որ սրբվեին, բայց մեք մեր կարողության չափ պարտական ենք սպասավորել այս սուրբ պաշտոնին։ Մեր համար ազգությունը և ամբողջ ազգի կատարելության գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու և օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերության, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ։ Այս բաների մեջ ոչինչ են մեր աչքում մի քանի կռապաշտ հայերի պատվասիրությունը և անձնասիրությունը, ուստի մաքուր խղճմտանքով և ձեռքերս սրտերիս վերա դրած, ոչ միայն զոհում ենք նորանց, այլ որպես քաղդեական սերմից հառաջացած ծնունդներ քարին ենք զարկում։

Շատ լավ գիտենք, որ մեք այս ճանապարհով ատելի ենք կացարանում մեր անձը, և այս է պատճառը, որ Հյուսիսափայլ փուշ է շատերի աչքին, բայց միշտ մտածում ենք, թե պատասխանատու ենք աստուծո առաջև, պատասխանատու խղճմտանքի և առողջ դատողության առաջև։

Եթե մեր խորհուրդը լիներ գնալ օգտի և շահաստացության քանակից, եթե մեր ցանկությունը լիներ սուրբ համարել ամենայն հնար, որ ձեռնտու էր թե մեզ սիրելի կացուցանելու ազգին և թե Հյուսիսափայլ ճանապարհը հարթելու, այն ժամանակ, իհարկե մեք ևս կզոհեինք ազգի օգուտը մեր շահին, մեք ևս կեղծավորությունը կշինեինք մի հաղթակիր գործիք։ Բայց թող հեռի մնան այդ դժոխային հնարքը, նոքա սեփական են օբսկուրանտներին և ճիզվիթներին, որոնց հետ չունինք մասն և բաժին։ Եվ ոչ միայն այսչափ, այլև չենք ցանկանում, որ այդ դիվախորհուրդ մարզիկը գովեին մեզ, մեր գործը, մեր ուղղությունը, ըստ որում մենք ինքնին պիտի կասկածելի երևեինք մեր աչքին։

Ազգի անդաստանի մեջ հինգ ցորենաբույս չկա, բայց փուշ և որոմ բյուրավոր, աղաչում ենք ամենակալ տերը սրտացավ գործավորներ ուղարկել, որ խնամով խլեին այդ փուչերը, որպեսզի ազնիվ բույսերը հնար ստանային աճելու և զորանալու։ Ժամանակ է, որ հայերը դուրս գան երեխայութենից և մի փոքր այրություն ստանան, սովորեն դատել և ճանաչել սևը և սպիտակը։ ժամանակ է որ մի փոքր մտածել ուսանին,