Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որովհետև մինչև այժմ գտանվել են նույն դրության մեջ, ինչ վիճակում էր Նաբուգոդոնոսորը երազից հետո. — «և բանն վերացաւ յինէն», — ասում էր նա մարգարեին։

Մեզ շատ անգամ բռնադատում են կարմրել և ամաչել, բայց մեր հոգով չափ սիրելի հայերը չկամին, եղբայրաբար խոսելով նոցա հետ, խնդրեինք վերացնել այն տգեղությունքը, որոնց համար ամոթապարտվում էինք օտարների առաջև։

Մեր ազգի խոցերը և ցավերը քաջ հայտնի են մեզ, բայց ինքը ազգը չկամի խոստովանել յուր հիվանդությունը, նա փախչում է բժշկից, նա կարծում է, թե թագուցանելով փտած և ապականված վերքերը ընկերի աչքից, կարող էր պարտակել յուր ողորմելի գրությունը, այդ վերքերը ճարակում են նորա հոգին, և այս պատճառով ևս հայը մարմնով միայն ապրում է առողջ։

Մի քանի թեթևամիտ օրագրերի և լրագրերի խելացնոր կարծիքներ և գաղափարք հասանում են մեր ականջին, բայց դոքա կոտրած զանգակի ձայնից ավելի չունին ուրիշ արժանավորություն: Մեք ծիծաղում ենք դոցա վերա, բայց այդ ծիծաղը արտասուքից գառն է մեր համար, ըստ որում այդ բաները գործվում են մեր ազգի մեջ։

Այդ երեխայամիտ օրագիրքը և լրագիրքը մինչև այժմ ուխտ են գրել բամբասել մեզ և մեր ասածի հակառակը պնդել, մինչև այն աստիճան մոլորության հասանելով, որ եթե Հյուսիսափայլի մեջ գրվի, թե աստված կա, նոքա պատրաստ են և այդ ուրանալ։ Մի քանի հոգևորների կողմից նզովքի շանթեր ևս տեսանում ենք դեպի մեզ արձակված, բայց այդպիսի շանթերը փութով շիջանողք են և վաղուց արդեն կորուսել են մարդկեղեն աշխարհում յուրյանց գաղտնածածուկ խորհուրդը։

Մեր սիրտը լցված է արյունով. մեք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նորանով, որ մեր աչքի առաջև են հայոց ազգի համար, սորանից հարյուր տարի հետո գալոց օրերը...

Հրավիրում ենք կեղծավորները լարել յուրյանը գործարանքը և արդարացնել Բեգզադեի գործերը, որ պիտի նկարագրենք և որոնց համար ուրիշ հարմարավոր անուն չգտանելով անվանեցինք «Բեգզադեի յոթն հրաշալիքը»։

Առաջին, Բեգզադեն, մի մեծ քաղաքում ունենալով մի վաճառանոց, առել էր յուր մոտ մի պատվական երիտասարդ, տարեկան վարձ տալով նորան և խանութի բոլոր ապրանքը հաշվով հանձնելով։ Երիտասարդը, ինչպես վերևում գրածներիցս պարզ երևում է, ընկեր չէր, ուրեմն և ոչ