Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաբակ քիթը լցնելով, ասում է թե գործակատարը ոչ թե միայն 2000 մանեթ, այլ 2076 մանեթ է ստացել, ուրեմն դեռ նա պարտական էր Բեգզադեին 76 մանեթ։ Գործակատարը աղաղակում է այս անիրավության ընդդեմ, բայց լսող չկա։ Բեգզադեի սովորական կանոնն է այս։ Երկար ու ձիգ խոսակցութենից հետո, գործակատարը տեսանելով, որ ավելորդ էր վիճել Բեգզադեի հետ, հանձն է առնում վճարել 76 մանեթը, ուստի և խնդրում է յուր անցաթուղթը։ Բեգզադեն պատասխանում է,- մինչև 76 մանեթը չբերես, քեզ անցաթուղթ չկա։

Ինչ երկար գլխացավություն առնենք ընթերցողներին, գործակատարը գնում է, մուշտակը և այլ բաները գրավ դնելով ճարում է 76 մանեթ արծաթ։ Եվ սևցնելով Բեգզադեին ստանում է անցաթուղթը։ Այսպես վարձատրվում է գործակատարի ոչ միայն այնքան տարիների ծառայությունը, այլև այն գազանական անգթությունը, որ Բեգզադեին հաճոյանալու համար, ցույց տվեց յուր քեռորդուն խլելով նորա ձեռքից Բեգզադեի տված 5 մանեթը։

Եթե, ինչպես հույս ունինք, մի տեսակ մարդերի օրագիրքը կամ լրագիրքը արդարացնեն Բեգզադեի յոթն հրաշալիքը, այն ժամանակ սուրբ պարտականություն կհամարենք դնել նոցա առաջև Բեգզադեի ամբողջ և լիակատար վարքագրությունը (биография) նորա գործած քառասուն հրաշքների պատմությամբ հանդերձ, որոնց յուրաքանչյուրքը յուր ժամանակին ընկած են օրագրությանս մեջ։ Հիշատակարանքս հատված են այդ ընդհանուր և մանրամասն օրագրութենից, ուր ամենայն օր թվով և համարով գրամ եմ տեսածս և լսածս։

Բայց հերիք է առ այժմ, շրջենք մեր երեսը այդպիսի մառախլապատ կերպարանքից և աղաչենք ամենակալ տերը, որ մաքրե հայկական մոլախոտյալ անդաստանը։

Արդյոք առանց մեր կողմից ջանքի և հոգաբարձության, առանց զոհաբերության և անդուլ աշխատության, տերը կառնե՞ր այդ գործը անմիջապես։

Տիրոջ առաջև դատապարտված է ծուլությունը և անհոգությունը, մեք ինքնին պարտական ենք նախ գործ սկսանել և ապա խնդրել տիրոջ հաջողությունը։

Առաջին գործը է դպրոցների հիմնարկությունը, այս է մեր առաջին և վերջին ճանապարհը փրկության։

Էջմիածնի մեջ պիտի հիմնվի՞ արդյոք մի օրինավոր դպրոց, մինչև այժմ լուր չունինք։

Թիֆլիսի հոգևոր դպրոցը պիտի բարեկարգվի՞ արդյոք, նույնպես չգիտենք։