Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստրախանի նոր բացված հոգևոր դպրոցը, որքան մեզ հայտնի եղավ դորա ուսման առաջարկությունը, շատ աննշան է. հարկավոր է զորացնել, բայց ասում են թե առաջնորդը չունի այն ազատությունը գերագույն իշխանութենից, որից օգուտ են քաղում ուրիշները թերևս չարաչար գործ դնելով յուրյանը իշխանությունը։ Աստրախանի առաջնորդ սրբազան Մատթեոս թեմակալ արքեպիսկոպոսի բարեմտությունը և ազգասիրությունը հայտնի է ոչ միայն մեզ, այլև բոլոր ժողովուրդներին, որոնց առաջնորզած է. ուստի և ստիպված ենք դպրոցի աննշանավորության պատճառը վերադրել հնարների և կարողության սակավությանը, քան թե մեծապատիվ սրբազան արքեպիսկոպոսի զանցառությանը։ Երանի թե մեր բոլոր հոգևորների սիրտը այնքան ցավեր ազգի վերա, որքան Մատթեոս սրբազանի սիրտը։

Մի քանի օր սորանից հառաջ ստացած նամակը մի նոր ապացույց տալիս է մեզ մեր աբեղաների ֆանատիկոսության մասին։

«Քահանայի մինը, — դրում էր բարեկամս, — չգիտեմ ինչ կերպով ստանում է եղած Փարիզի Արևմուտք օրագիրը։ Մի անգամ ներս է մտանում նորա տուն մի աբեղա։ Հառաջուց պիտի ծանոթաբանել, որ աբեղա ասածդ միշտ վեր է համարում յուրյան քան թե աշխարհական քահանան և այս պատճառով շատ կոշտ են վարվում քահանաների հետ, ամենայն րոպե իշխանություն գործ դնելով նոցա վերա։ A propos. մի անգամ հարցուցին մի աբեղայից թե ի՛նչ է նոցա իրավասությունը քահանաների վերա, ինչո՞վ բարձր են քան թե քահանայքը, և ինչո՞ւ համար շատ անգամ անգթաբար վարվում են քահանաների հետ։ Աբեղան պատասխանեց, թե ինքյանք վանքի մեջ չլբուր ուտելով և սաղմոս ասելով հոգեմաշ են լինում, իսկ քահանայք միշտ ժողովրդի մեջ, ամուսինի և ընտանիքի տեր, վայելում են աշխարհի վայելչությունը։

Աբեղան տեսանելով, որ քահանան կարդում է մի բան, հարցանում է թե ինչ էր կարդացածը։ Քահանան պատասխանում է—Արևմուտք օրագիր։

— Դու ինչպես համարձակվում ես կարդալ այն բանը, որ ես նզովել եմ։

— Ի՛նչ նզովելու բան կա այստեղ, ճշմարտություն, մի՞թե դուք նզովում եք ճշմարտու...

— Ձայնդ կտրիր, — ասելով դուրս է գնում աբեղան և պաշտոնական թղթով զրկում է նորան յուր ծոփից և ուղարկում է մի այլ քաղաք, որի ժողովուրդի թե՛ սակավությունը և թե՛ աղքատությունը պատիժ պիտի համարվեր քահանային։