Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգային շինությունը, բնական կերպով, պիտի հառաջանա ցածից — հիմքից. այդ հիմքը է հասարակ ժողովուրդը։ Այն մարդը, որ սիրում է ազգը, որ նվիրում է յար անձը ազգի բարոյական սպասավորության, պարտական է ծառայել ոչ ազգի կուռքերին, այլ, հասարակ ժողովրդի օգտին։ Հասարակ ժողովրդից կազմվում է ազգության մեքենան, լուսավոր մարդիկ կարող են, և պարտական են միայն ուղղություն, զարկ և ընթացք տալ այդ մեքենային։

Մեր ազգության մեքենան ջարդված է։

Անմտություն էր, եթե մտածեինք զարկ տալ մեքենային, մինչ նա խորտակված, և նորա գործարանքը ցիրուցան և ժանդոտած, չուներ այն ամբողջությունը և կազմությունը, որ կարողանար շարժվիլ և գործ կատարել։ Ազգության մեքենայի — հասարակ ժողովրդի վերանորոգությունը հնարավոր է միայն, գիտակցություն տնկելով նորա մեջ։ Իսկ գիտակցությունը բխում է լուսավորութենից։

Լուսավորություն, ահա՛ մի մեծ և հոյակապ խնդիր, որ ազգի կարողքը և ուսումնականքը պարտական են լուծանել, չկա աշխարհի երեսին մի այնպիսի բան, որ ահարկու չիներ խավարից, սա մի զարհուրելի վարագույր է, որի տակ իրավունք ունին մարդիկ և մահ ենթադրել։ Ազդը լուսավորելու գաղափարը այն ժամանակ միայն կարող է իրագործվիր երբ հիմնած ու պահպանված էին բուն ազգային դպրոցներ, որոնց մեջ պիտի լսվեր հայկական խոսքը, ուր հայոց բառերով պիտի ներս մտանեին ազգի զավակների մեջ զանազան լուսավոր գաղափարը։ Ազգային չենք ճանաչում այն դպրոցը, ուր հրամայվում է խոսել ռուսերեն, ֆրանսիարեն, սակավ երբեմն հայերեն։

Թող շարժվին գերեզմանի մեջ մեր Արամ նահապետի ոսկերքը...

Իրավունք ունի եղած հայ բանասերը, մինչ սորանից քանի տարի հառաջ գրում էր հետևյալ տողերը, նվիրված Արամ նահապետի սուրբ հիշատակին։

Քեզ քո սիրական հայրենի բարբառ
Ձգում է անուշ այս խնկի բուրվառ։
Հավիտենական քո սթևանից
Այս խնկի թուրումը ընկալ նորանից,
Մաղթե՛ նորան կյանք որպես նահապետ,
Սիրական լեզվիդ իբրև արքուն տեր։

Նա նոր է զարթել
Դարավոր քնից.
Հին փոշին նոր է
Թափել վերայից։