Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լսենք մի փոքր մեր Հովհաննես պատմաբան կաթողիկոսի խոսքերը, որ պատմելով արևելքի առանձին պատրիարքութենների հիմնարկությունքը և հաստատությունքը, շարունակում է․ «Սոցա նման և մեր Արշակ թագավորը և հայոց նախարարությունքը, համարձակության ստանալով, պատրիարք կացուցին հայոց ազգի վրա մեծ Ներսեսը. ինչպես արժան էր, իրավախոհ պատճառ մեջ բերելով մեր Բարթողիմեոս և Թադդեոս սուրբ առաքյալքը, որ տիրոջից վիճակվեցան հայերին, որպես քարոզք և ավետարանիչք, որոնց և նշխարված ոսկերքը կան մեր մեջ և որոնց աթոռը ստացավ կենդանի մարտիրոս Գրիգորիոսը և այլն, և այլն1։

Այս ծանրակշիռ վկայությունը հերիք է ապացուցանելու համար, ազգային և եկեղեցական պատմության անտեղյակ պ. Խուդաբաշեվին, թե հայոց ազգի ինքնուրույն կաթողիկոսությունը սուրբ Սահակից շատ հառաջ, դեռ մեծ Ներսես Պարթևի կաթողիկոսության սկզբումը հաստատված լինելով, և մինչև սուրբ Սահակը, Շահակ, Զավեն, Ասպուրակես առաքինի կաթողիկոսքը, ինքնուրույնաբար կաթողիկոսություն արած լինելով, սուրբ Սահակը պատճառ չուներ Կեսարիա դիմելու, թեև պարոնը չէ ուղարկում նորան Կեսարիա, հրատարակելով նորան անձնական շահասիրությամբ վարակված մարդ։

Ինչպես թողունք պ. Խուդաբաշեվին ասել, թե «հայոց եկեղեցու ընդհանրականի հաղորդութենից բաժանմանը հարակից եղան կորստական հետևանք ազգի բարօրության վերաբերությամբ։ Բաժանվելով ասորաց եկեղեցուց2, որպեսզի կախողություն չունենա նորա հոգևոր

1 «Ըստ սմին սակի ապա և մերն թագաւոր Արշակ և նախարարութիւնք Հայոց համարձակութիւն ասեալ, կացուցին ի պատրիարքութիւն տանս Թորգոմայ զմեծն Ներսէս, փաստս իրաւախորհս ըստ արժանին ի մեջ առեալ զսուրբ առաքեալսն մեր. զԲարթուզիմէոս և զԹագէոս, որք Ազքանազեանս ազին վիճակեցան ի Տեառնէ քարոզք և աւետարանիչք․ և նշխարեալ ոսկերք նոցա կան ի միջի մերում, զորոց և զաթոռն իսկ ընկալաւ կենդանի մարտիրոսն Գրիգորիոս» (Տես. Հովհ․ կաթ․ տպ. ի Մոսկվա, երես 28—29)։

2 Չգիտենք, թե հայոց եկեղեցին ե՛րբ կախումն է ունեցել ասորոց եկեղեցուց, որ գորանից ազատվելու համար հարկ լիներ բաժանվիլ ասորիներից։ Բացի սորանից պ․ Խուդաբաշեվի ասածից դուրս է գալիս, թե հայերը հառաջ ասորոց եկեղեցուց են բաժանվել և հետո հունաց եկեղեցուց։ Արդյոք այս բանը դիմանո՞ւմ է կրիտիկական պատմությանը, կտեսանեք իսկույն։

ա․ Հայոց եկեղեցին, կամ նորա հոգևոր դասը, երբեք կախողություն ունեցած չէ ասորոց եկեղեցուց կամ նորա հոգևոր իրավասութենից, ուստի և ոչ երրեք ապստամբած և հեռացած, ինչպես կամի ցույց տալ մեզ պ․ Խուդաբաշեվը։

բ. Բուն ասորիք, այսինքն նոքա, որ մեր հետ միասին երեք ժողովք ընդունելով մնացին (և ոչ նոքա, որք սահեցան դեպի նեստորականություն), մինչև այդ ընդունում են Հայոց եկեղեցու հաղորդությունը․ սորան իբրև կենդանի ապացույց կարող է լինել այն, որ շատ անգամ նոցա քահանայք կամ եպիսկոպոսները բուն իսկ Էջմիածնի մեջ