Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելորդ մի բան էր ասել և հաստատել, որ Բյուզանդական կայսերրությունը, յուր փտած սկզբունքով, երբեք չէ կարողացել, այլև չէ կամեցել մի հիմնավոր և շարունակ դաշնակցություն պահպանել Հայաստանի հետ: Կտոր փշուր եղած դեպքերը ևս ապացուցել են, արդեն վաղուց, որ Հայաստանին օգնելու մտքով չէր, այլ, իբրև մի որոգայթ խորամանկ քաղաքական խորհրդով։

Ո՛ր մինը կարդաս. «Հայոց հոգևորականությունը, որ հասկացել էր «այս բաժանման (հայոց և հունաց) կորստական մի բան լինելը, յուր հոգու մեջ սաստիկ ցանկանում էր միավորվիլ և խաղաղություն առնել (հունաց հետ), ծածուկ արտասվելով սխալական վարդապետության և ախտավոր ձգտողության այսքան դառն պտուղները» (երես 114, բառական թարգմանություն)։

Այս բաները վերաբերվում են Ներսես երրորդի ժամանակակից անցքերին։ Ո՛ր հայը, որ փոքր ի շատե կարդալ գրել գիտեր, չէ տեսանելու պ. Խուդաբաշեվի սխալանքը պատմության ընդդեմ։ Ներսես երրորդի օրով, բոլոր ազգը պահանջեց կաթողիկոսից, որ սա անխախտելի պահե ազգային եկեղեցու անկախությունը և ինքնուրույնությունը, երբ հունաց Կոստանդին կայսրը գրգռվելով յուր, հայոց մեջ գտանված զորքերից, պահանջեց, որ հայոց եկեղեցին միանա հունաց եկեղեցու հետ։ Հայց, յուրյանց կաթողիկոսով և ազգային եպիսկոպոսների ժողովով, նամակ գրեցին կայսրին և հայտնելով, թե հայերը շատ և անտանելի նեղութենների համբերելով, մեռանելով, նահատակվելով պարսից ձեռքով և ի վերա այնր ամենայնի անխախտ պահելով յուրյանց կրոնը և դավանությունը, չեն կարող ընդունել կայսրի առաջարկությունը։ Այս բանի մանրամասն պատմությունը գտանում ենք Սեբեոս եպիսկոպոսի Պատմության մեջ, ուր պահված է և վերևում հիշված նամակի պատճենը։

Բայց երբ Կոստանդին կայսրը բազմաթիվ զորքով խաղաց Հայաստանի վերա, որ հպատակեցնե յուրյան, և երբ Դվին քաղաքում բնակվեցավ կաթողիկոսի տանը, հրամայեց յուր հոգևոր դասուն քարոզել հայոց եկեղեցու մեջ Քաղկեդոնյան ժողովը և պատարագել, ուր Ներսեսը յուր եպիսկոպոսներով հանդերձ ստիպվեցավ հաղորդվիլ:

Սակայն պիտո է ասել, որ դույն այդ հաղորդության օրում, մի եպիսկոպոս չհաղորդվեցավ և դուրս գնալով բեմից ծածկվեցավ ամբոխի մեջ. և երբ կայսրը կանչեց նորան և հանդիմանեց, նա ուրիշ այլ բաների մեջ պատասխանեց և այս, թե ինքը Ներսեսը հակառակ է հունական հաղորդության։ Կայսրից փոքր հանդիմանություն չլսեց Ներսեսը այս բանի մասին: Իսկ երբ, թեև ակամա կաթողիկոսը հաղորդվեցավ հունական խորհրդին, այն ժամանակ մեծ շշունջ ընկավ ազգի մեջ, մինչև որ