Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակների գործերը և խորհուրդ ենք տալիս նորան մի փոքր ուսումնասիրել այդ հեղինակությունքը։ Հույս ունինք, որ այդպիսի ուսումնասիրությունը ավելի՛ մխիթարական կլինի նորան յուր երեկոյացյալ հասակում, քան թե նորա տպած գործի պես աշխատութենների հրատարակելը, որ բանի տեղ չանցանելուց հետո, անլվանալի մեղադրության պատճառ են լինում, քանի որ հայոց տառը պիտի կարդացվի։

Անհայտ չէ հայերից, որ սուրբ Ներսես Շնորհալու ժամանակ, ինչպես նաև նորա եղբոր Գրիգոր կաթողիկոսի ժամանակ, հունաց Մանվել կայսրը, շատ և շատ ցանկանալով հայոց եկեղեցու հունաց հետ միավորության, բացել էր մի շարունակ դավանաբանական գրագրություն այս առարկայի վերա, ուղարկելով ուրիշների հետ Թեորիանոս անունով իմաստասիրությամբ հռչակված հույն աբեղան, որ սա բերանացի խոսե Շնորհալու հետ և կարգի դնե միավորության խնդիրը։

Այս բաների մասին, որպես պատմական գրավոր հիշատակարան մեք միմիայն Ընդհանրական գիրքը ունինք, իսկ նորանից ավելի ոչինչ. այս պատճառով ևս այդ անցքերի պատմության վերա նայում ենք այն չափով և այն հայացքով, ինչ չափով և ինչ հայացքով ավանդվում են այնտեղ։

Պ. Խուդաբաշեվը, որպես ստույգ պատմություն ընդունելով մի հունական գիրք, նորա ռուս թարգմանութենից, որ ուներ ինքը, և ուր որպես թե գրված էին Շնորհալու և Թեորիանոս աբեղայի խոսակցությունքը, յուր ներկա աշխատության մեջ նկարագրում է Ներսես Շնորհալին, որպես մի երկդիմի մարդ, յուր ազգը խաբող, հունական օգուտը պաշտող և ավելի հույն քան թե հայ։ Բացի սորանից, մի քանի բաներ, որ վերաբերվում էին մեր եկեղեցու հատկական բնավորության, որ մինչև այսօր պաշտվում են, և որ պ. Խուդաբաշեվի սրտի մեծ ցավի համար պիտի մինչև վերջը պաշտվին, պարոնը ճանաչում է «կարոտ ուղղությանս»:

Ահա նորա խոսքերը. «Որովհետև այն բաները, որ մեղադրանք էին համարվել հայերին, ոչ բոլորը միօրինակ նշանավոր էին. և մի քանի մեղադրության պատճառներ Ներսեսը յուր նամակների մեջ հրատարակել էր բոլորովին սուտ, այն ժամանակ Թեորիանոսը ուշադրություն դարձուց այն բաների վերա, որ ավելի մեծ էին նորա աչքում և որ հիրավի կարոտ Էին ուղղության, որպես ա. Հիսուսի Քրիստոսի բնության, կամքի և ներգործության վարդապետությունը. բ. Քրիստոսի ծննդյան և մկրտության մի օր տոնելը. գ. Սուրբ աստվածի մեջ խաչեցար վասն մեր հավելացնելը և դ. Դրոշմի խորհրդի մեջ մզյալ յուղերի գործադրությունը». երես 222։