Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստությունը․ գիտեինք, որ Հյուսիսափայլը դադարելու չէր ներգործելուց․ գիտեինք, որ մեք ինչպես հառաջ, այժմ ևս գործակից էինք այս հրատարակության։ Ընթերցող հասարակությունը տեսանելով Հյուսիսափայլը, տեսանելով մեր գործակցությունը, կարո՛ղ է վկայել մեր ասածի ստուգությանը։

Թշնամությունը և կատաղի նախանձը հարկադրել էին Սկայորդուն ցանկանալ թե՛ Հյուսիսափայլի վերջանալուն և թե՛ մեր հրաժարվելուն այդ օրագրի գործակցութենից։ Շատ անգամ սաստիկ ցանկությունքը ձգում են մարդս մի ջլային թուլության մեջ, շատ անգամ զառանցանքը, մանավանդ մի այդպիսի խե՜ղճ վիճակում, պատկերացնում է մի վայրկյան հիվանդի աչքին այն ամենայն բանը կատարված, որոնց փափագով ցանկանում էր նա։

Մեք գիտեինք, որ մի այդպիսի ողբալի վիճակում գրել է Սկայորդին յուր վսեմական նամակները դեպի Մեղուն, այս պատճառով ևս ավելորդ համարեցինք մի երկու բառ խոսել, մանավանդ ցանկանում էինք, որ մի փոքր հարատևե նորա ուրախությունը, ըստ որում եսականություն համարում էի՛նք լուծանել նորան։ Թող եթե կամի այսուհետև ևս հրապարակե այդպիսի լուրեր, մեք արգելք չենք. և հիրավի ի՛նչ այլ պաշտոն ուներ նա, բացի սորանից, կատարելու։

Մեղա, մեղա․ նա ինքը յուր անձը ձգել է այժմ կրիտիկոսների կարգը, քննելով Գամառ-Քաթիպայի եզովպոսի առակները։ Այս բանում ևս չէ կարելի չտեսանել նորա պարկեշտությունը, յուր ասպարեզը սկսանելով կես մատնաչափ մի գրքից, մանավանդ քննության արժանի առաջին բանը համարելով հանդես հանել տպագրության սխալները։

Ամենայն հաջողություն ցանկանում ենք պարոնին, այս նոր ասպարեզի մեջ, և հավատում ենք, որ նորա ջանքը կպսակվի, կատարելագործելով, եթե ոչ հայ հեղինակների աշխատությունքը, գոնե հայատիպ մամուլների գրաշարությունը։

Մեր երկարատև լռության մասին, այսքան միայն արժան ենք համարում ասել, որ դա մի կամայական բան չէր։

Մեք միշտ Հյուսիսափայլի հետ ենք եղել և կմնանք. Հյուսիսափայլի դավանությունը է և մեր սրտի խոստովանությունը։ Եվ եթե պատահի մեզ, ո՛վ գիտե, ճանապարհորդությամբ, կամ այլ զանազան մեզանից չկախված պատճառներով ավելի երկար լուռ մնալ, այնուամենայնիվ անբաժան ենք Հյուսիսափայլից, և Հիշատակարանը պիտի երևի նորա մեջ։ Բացակայության ժամանակ, ճանապարհորդության փոշիների միջից ևս կաշխատենք լսելի կացուցանել մեր ձայնը ընթերցող