Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե վատությունը, ձեռնածուների արկղի նման, երկու հատակ չունի, ապա ուրեմն պ. Չամուռճյանը հասել է մինչև վատության հատակը։ Երևակի վերոգրյալ տետրակը մեզ ուղարկողը գրում էր, թե Պոլիս ամեն տեսակ մարդերից ցուրտ ընդունելություն է գտել այդ գրվածքը, իսկ մեր վերա այդչափ ևս տպավորություն չգործեց, և եթե այսօր, այդ մասին մի երկու տող գրելու զիջանք, այդ պ. Չամուռճյանին պատասխանելու համար չէ, այլ ընթերցող հասարակությունը հարգելու։ Պարոնի վայր ի վերո աղճատաբանությունքը ստոր են ամենայն տեսակ քըննութենից և Մեղուին և պ. Այվատյանին[1] մեր շնորհակալությունը հայտնելով, չենք կարող, միևնույն ժամանակ, չհայտնել մեր առ ի սրտե կարեկցությունը պ. Չամուռճյանի գրվածքին պատասխանելու խորհրդով կորուսած ժամանակի վերա։

Ինքնակոչ փիլիսոփայի գրվածքը ծայր ի ծայր կարդալով, երկու շարժառիթ տեսանք, որ կարապետել են պարոնին դեպի այդ վիհը:

Առաջին, երբ մեր փոքրությունը ոտք կոխեց Պոլիս, ազգային լրագիրները մի երկու տող գրեցին մեր մասին, մանավանդ արևելյան միանգամայն և նահապետական հյուրասիրութենից[2] շարժված, քան թե պարտականութենից դեպի մեր արժանավորությունը, որ բնավ պահանջողության հանդգնություն չունի։

Այդ հրատարակությունքը, անշուշտ, ազգի մեծագույն մասին վերա բնավ ազդեցություն չգործելով, երևում է թե նետի նման ծակել են չխոստովանված փիլիսոփայի անձնասիրությունը։

Մեր սրտի խորքից ցավում ենք, որ մեր անունը, թերևս առանց մեր կամքի և գիտության, մի այդպիսի վիշտ է պատճառել պարոնին. մյուս

  1. 1861 թ. հրատարակության մեջ տպված Այվատյան անունը «Երկու տող»-ի հետագա բոլոր հրատարակություններում սխալմամբ տպված է Այվազյան և ծանոթագրությունների մեջ էլ այն ներկայացված է որպես Աբրահամ Այվազյան, մինչդեռ խոսքը Մաթեոս Այվատյանի մասին է, որն այդ օրերին «Մեղու»-ում տպված հոդվածներով հանդես է եկել Նալբանդյանի՝ պաշտպանությամբ, ենթարկվելով Չամուռճյանի հարձակումներին։
  2. Մեք չենք կարող բառ գտանել, Պոլսի ազգայինների մեջ ցույց տված համակրության մասին, մեր առ ի սրտե անկեղծ շնորհակալությունը հայտնելու։ Լսում ենք, որ մեր սիրտը զգա և յուր լեզվով խոսի. այսպիսի դիպվածներում նորա խոսքը թեև ուրիշին անլսելի, բայց, ըստինքյան ավելի վսեմ է քան թե մարդկեղեն բարբառը։ Մեզ եղած հյուրասիրությամբ մեք ավելի երջանիկ ենք, քան թե այն արկածախնդիր կրոնավորը, երբ Բոսֆորի վերա գտնված մի տան դստիկոնից, հավաքում էր շոգենավի մեջ, գնալու միջոցին, արմենուհու հրաժարական ժպիտները և օդային համբույրները սրտի քաղցը հիշատակներով ամրապնդված ուղղվում էր դեպի տավրիկ... (Ծ.Վ.), (ակնարկում է Խորեն Նարբեյին)